
Իրավաբանը մեկնաբաում է՝ չպատվաստվելու կամ չթեստավորվելու պարագայում մարդկանց աշխատանքից ազատելու հիմքերը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ փոփոխությունների նախագծում մի փառահեղ հատված կա, որտեղ նշվում է, որ հանրային իշխանության մարմիններում աշխատող անձինք իրականացնում են հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսի պարագայում նրանց կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար՝ վտանգելով նաև այդ գործառույթների իրականացմամբ հետապնդվող հանրային շահերը։
«Ճիշտն ասած՝ ես կարծում եմ, որ Պաուլո Կուելոն իր աշխատությունները գրելուց կերազեր էդ կարգի գեղարվեստականացված ֆանտազիա ունենալ, հատկապես էն պարագայում, երբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք ազատման հիմք են նախատեսում հանրային իշխանության մարմիններում աշխատող անձանց ազատելու համար, բացառություն են արել ՀՀ նախագահի, վարչապետի, պատգամավորների և մի շարք այլ պաշտոնատար անձանց համար։ Հիմա օբյեկտիվորեն առաջացած հարցադրում եմ ուզում հնչեցնել, արդյո՞ք այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական բարձրագույն պաշտոններ՝ չեն իրականացնում հանրության և պետության համար կարևոր նշանակություն ունեցող գործառույթներ, որպիսիք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից վարակիչ հիվանդությամբ վարակվելը կարող է տևական ժամանակով խոչընդոտներ ստեղծել այդ գործառույթների պատշաճ իրականացման համար։ Կամ, օրինակ, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ քովիդի պատվաստանյութով պատվաստված անձինք դրանից հետո վարակվել են Քովիդ19-ով և, ընդհուպ, եղել են դեպքեր, որ մարդիկ մահացել են։
Հիմա, եթե որևէ պատգամավորի օգնականը պատվաստվի, որպեսզի չկորցնի իր 110 հազար դրամ «բարձր» աշխատավարձը և պատգամավորները, որպես կապույտ արյուն ունեցող պաշտոնատար անձինք չեն մտնում այս օրենքի սահմանափակումների տակ և չեն պատվաստվում, եթե պատգամավորը չիմանա, որ ինքը քովիդի վարակակիր է և վարակի օգնականին ու, Աստված չանի՝ հասցնի մահվան, արդյո՞ք դրանով «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունններով իր առջև դրված խնդիրը լուծված է, բնականաբար, ոչ»։ Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները նպատակ են հետապնդում ուղղակի պատվաստումները ստիպելու անօրինական գործողություենները ինչ -որ չափով դնել օրինական ռելսերի վրա, որպեսզի ցույց տան, ասեն՝ տես, «Հանրային ծառայության մասին» օրենքով որպես պաշտոնատար անձի՝ պաշտոնից ազատման հիմք նախատեսված է սա։ «Միաժամանակ, եթե մարդը ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն՝ ՀՀ-ն հանդիսանում է սոցիալական պետություն և օրինակ ԱԺ պատգամավորների հավելյալ ծախսը 50 հազար դրամից դարձել է 250 հազար դրամ, բայց, միաժամանակ, ստիպում են նվազագույն աշխատավարձով աշխատող պետական ծառայողին սեփական հաշվին ամիսը 2 անգամ, որը ամսական 30 հազար դրամ է կազմում, հանձնել Քովիդ 19-ի թեստ, որպեսզի վերջինս բավարարի քո քաղաքական ղեկավարի դեռ չբավարարված ամբիցիաները, որքանով է այս գործողությունն համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության հոդվածին։
Ցավոք, հիմա վարչական դատարանները ծանրաբեռնվելու են խայտառակ քանակությամբ հայցադիմումներով, քանի որ օրենքի նախագիծը բավական անկատար է, բավական է մեկին ազատել այդ հիմքով և դատարանները լցվելու են ապօրինի աշխատանքից ազատման հրամանը վերացնելու պահանջով։ Էլ չեմ խոսում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի խախտումների վերացման, քաղաքացիական իրավունքի միջազգային բազմաթիվ կարգավորումների մասին, չեմ խոսում մի շարք ներքին օրենսդրական կարգավորումների մասին, որոնց մասին միտումնավոր չնաշխարհիկ գրագիտութամբ փայլող իշխանությունները մոռացել են»։
Նա ընդգծեց, որ եթե ԱԺ մեծամասնությունը այս օրենքին հավանություն տա, ապա միանշանակ, ընդդիմությունը այն կարող է վիճարկել Սահմանադրական դատարանում։ «Քայլողների խմբակն, իհարկե, կողմ է քվեարկելու և այս օրենքը մտնելու է ուժի մեջ։ Դրանից հետո, ես կարծում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները ձեռնամուխ կլինեն փոփոխությունների վիճարկման հարցով դիմել ՍԴ, քանի որ բազմաթիվ միջազգային և ներպետական իրավական ակտեր կարող եմ նշել, որոնք վկայում են, որ այս փոփոխությունները հակաիրավական են և նախարարի հրամանները ամբողջությամբ հակաիրավական են»։ Նա նաև ընդգծեց, որ անձամբ է զրուցել տարբեր երկրներում աշխատող իր մասնագիտությամբ բժիշկ ընկերների հետ, ովքեր պարբերաբար նշում են, որ պատվաստանյութերից միայն AstraZeneca-ն է , որ կլինիկական փորձարկումներն հավաստող փաստաթղթեր ունի։ Մնացած բոլոր պատվաստանյութերը չունեն իրենց կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Բայց բժիշկների պնդմամբ նույն AstraZeneca-ն էլ իր բժշկական հիմնավորումների մեջ չունի բավարար հիմնավորվածություն, որ կարող ենք համարել, որ սա կլինիկական փորձաքննություն է անցել և միանգամայն ապահով կարող է լինել։ Փորձարկումների մասով՝ վիճարկելու դեպքում մենք դա կարող ենք կապել նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ, որը կոչված է պաշտպանելու անձին, իր անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու հետ։ Անձնական կյանքը ներառում է նաև սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու անձի իրավունքը, որը ներառում է նաև նրա առողջության հետ կապված որոշումները։
Դիտարկմանը, թե նաև եվրոպական երկրներում նույնպես պատվաստվելու պարտադրանքն առկա է՝ նա ընդգծեց, որ ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում այդ պատվաստման պարտադիրությանը նախորդել են մի շարք գործընթացներ, սկսած օրենսդրությունում փոփոխություններ կատարելուց մինչև ամենակարևորը՝ գրագետ քաղաքականություն վարելը, որը պետք է նպատակ հետապնդեր քաղաքացիների մոտ բարձրացնել իրավագիտակցությունն այն աստիճանի, որպեսզի քաղաքացին հասկանա, որ սեփական կամքով պատվաստման գնալը ոչ միայն սեփական կյանքին և առողջությանն է օգտակար, այլև շրջապատին։ Այստեղ կարևոր է հասարակության տեղեկացվածության բարձրացումը պատվաստումների վերաբերյալ ներկայացնելով, թե պատվաստանյութերի ազդեցությունների վերաբերյալ տեղեկատվություն և չպատվաստվելու վերաբերյալ անցանկալի հետևանքներն ու ռիսկերը, պատվաստվելու կանխարգելիչ նշանակությունն ու դերը, պատվաստվելու դեպքում վնասների հատուցման կարգը ու բազմաթիվ այլ բաներ։ Այսինքն՝ պարտադիր պատվաստման կարգը պետք է սահմանել՝ պահպանելով համաչափության, բայց դրան զուգահեռ պետք է վարես էնպիսի քաղաքականություն, որ անհատի մոտ ձևավորվի այն ներքին համոզմունքը, որ պատվաստվելը պարտադիր է»։