
Լիտվան AstraZeneca-ի 27 500 դեղաչափ է նվիրել Հայաստանին

Այսօր Հայաստան է եկել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27 500 դեղաչափը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակը։
«ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարում»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
Նրա խոսքով` պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունեն, որ հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը։
Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ է հնարավոր եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 595-ով և դարձել 243 981: