Ինչու և ինչպես է աշխատանքից ազատվել ՊԵԿ փաստաբան Նարեկ Ալոյանը. «սևերի» և «սպիտակների» բաժանում, թե սեփական դիմում

Ռուստամ Բադասյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո սկսել է կադրային զտումներ անել համակարգում եւ հատկապես՝ կենտրոնական ապարատում։ Բազմաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից, քրեական գործեր են հարուցվել։ Օրերս էլ աշխատանքից ազատվել է «ՀԴՄ մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի իրավաբան, փաստաբան Նարեկ Ալոյանը։ Այս մասին գրում է Հրապարակը:

 

Ալոյանը ՊԵԿ-ի շահերը դատարանում ներկայացրել է 5 գործով՝ որպես պետության ներկայացուցիչ եւ այդ գործերը դեռեւս չեն ավարտվել՝ վարույթները շարունակվում են, սակայն Բադասյանին դա չի հետաքրքրել և նա Ալոյանին աշխատանքից ազատելու հրաման է տվել։ Իսկ որպես պատճառաբանություն բերվել է այն, որ նա «սևերի» պաշտպանն է եղել, այսինքն՝ դատարանում պաշտպանել է Արմեն Թավադյանի, Արա Սաղաթելյանի և այլոց շահերը։ 

 

Այս մասին բարձրաձայնել է նաև Ալոյանը` ֆեյսբուքյան գրառմամբ․

 

«Քաղաքականացված» փաստաբանի մտորումների շարքից․ Ես Փաստաբան եմ։ «Սև» չեմ։ «Սպիտակ» էլ չեմ։ Ես Փաստաբան եմ՝ բառի ողջ իմաստային ծանրաբեռնվածությամբ և Փաստաբանի առաքելության ողջ արժեհամակարգով։ Մոտ երկու ամիս իմ կողմից իրավաբանական ծառայությունների մատուցումից հետո, պետական կառույցներից մեկի նորանշանակ ղեկավարի հանձնարարությամբ, պետական կառույցն այսօր հրաժարվեց իմ ծառայություններից։ Իրավաբանական ծառայությունների ծավալի կամ որակի վերաբերյալ ինձ որևէ նկատառում չի ներկայացվել։ Ներկայացվել է միայն մեկ բանավոր պատճառաբանություն, այն է՝ իմ կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչներին փաստաբանական ծառայություններ մատուցելու հանգամանքը, այլ խոսքով՝ իմ «քաղաքականացված» փաստաբան լինելը։ Չեմ նշում պետական կառույցի անվանումը և չեմ նշում այն քաղաքական գործչի անունը, ում շողքը հանգիստ չի տալիս առանձին անձանց, որպեսզի գրառումս անհարկի չանձնավորվի։ Քաղաքական դաշտում յուրաքանչյուր հայրենասեր անհատ կարող է ունենալ իր ասելիքը։ Այժմ ես ասելիք չունեմ։ Այժմ ինձ և շատ այլ անձանց համար լռության պահ է։ Կգա մի օր, երբ լռությունը կավարտվի։ Իսկ մինչ այդ, ներքին խաղաղություն և խոհեմություն եմ մաղթում իմ նախկին, ներկա և ապագա գործընկերներին։ Կհանդիպենք»,- գրել է Ալոյանը։

 

Auroranews-ը կապ հաստատեց Պետական եկամուտների կոմիտե, որտեղից հայտնեցին.

 

«Նարեկ Ալոյանը օգոստոսի 26-ի ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»։

 

Քաղաքականություն