
Հոկտեմբերի 17-ին Գորիսի քաղաքապետ կդնեն իրենց մանկլավիկներից մեկին, հետո միայն Առուշ Առուշանյանին բաց կթողնեն.Հոխիկյան

Սյունիքն այն եզակի մարզերից է, որտեղ քաղաքական ընդդիմություն կա. քաղաքապետերեն են դեմ իշխանություններին, այլ պաշտոնյաներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առուշ Առուշանյանին աջակցության հասարակական նախաձեռնության անդամ, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
Նա նկատեց, որ Առուշ Առուշանյանին եւ Սյունիքի մյուս համայնքապետերին ձերբակալելուց մոտ մեկ ամիս անց որոշում կայացվեց, որ հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում նաեւ Գորիս քաղաքու. «Կարծում եմ՝ Առուշի մեկուսացումը եւ նաեւ Մենուայի (Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյան-խմբ) մեկուսացումը կոնկրետ թիրախավորված է, որպեսզի Առուշը չկարողանա մասնակցել նախընտրական քարոզչությանը, չկարողանան թեկնածություն դնել, իսկ դնելու դեպքում չկարողանան համապատասխան ձայներ հավաքել: Միայն հոկտեմբերի 17-ից հետո Առուշ Առուշանյանը կհայտնվի ազատության մեջ: Սա քաղաքական վենդետա է, որպեսզի Սյունիքի մարզում եւս այսօրվա քաղաքական իշխանությունը, ՔՊ-ն իր ձեռքը վերցնի քաղաքական պոստերը»,-ասաց նա:
Նաիրի Հոխիկյանը հավելեց, որ Սյունիքի համայնքապետերին ազատությունից զրկելով փորձեցին ծնկի բերել, չկարողացան. «Հիմա հոկտեմբերի 17-ին կլինի ընտրություն, իրենց մանկլավիկներին մեկին կդնեն Գորիսի ղեկավար եւ այսքանով հարցը կհմարեն փակված»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: