
Գորիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի կալանքով փորձ է արվում կոտրել ազգային դիմադրությունը․ Առուշանյանի աջակիցներ

Թշնամին 3 կողմից հասել է Գորիս, արդեն փաստ է ՝ունենք սահմանագիծ Գորիսում, ստեղծված պայմաններում համայնքապետերի, քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը խաթարում է համայնքների կազմակերպչական աշխատանքները, առաջացնում լրացուցիչ ռիսկեր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։
«Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատած տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշ Առուշանյանին»,-մանրամասնեց նա։
Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե արդարադատություն իրականացնող մարմինները պետք է հաշվի առնեն ժողովրդի կարծիքը։
«Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը, և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն վարչապետի խոսքերի, պարզապես պարտավոր է հաշվի նստել այդ կամքի հետ», - ասաց փաստաբանը։
Բանախոսների կարծիքով՝ Գորիսի քաղաքապետի, փոխքաղաքապետի կալանավորմամբ փորձ է արվում կոտրել նաև ազգային դիմադրությունը։