
Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև. Քոչարյանի ուղերձը

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում ասում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար։»,–ասում է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: