ՔՊ-ական պատգամավորներն Արցախ են եկել 14 թիկնապահների ուղեկցությամբ. Մետաքսե Հակոբյան

Վաղն Արցախի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ չեն լինի, պարզապես տեղի կունենա օրվա խորհրդի հետ կապված առանձին միջոցառումներ. այցելելու ենք հուշահամալիր, զինվորների հետ հանդիպում կլինի, կլինեն նաև սպորտային միջոցառումներ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

Նրա արձանագրմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն Արցախի անկախության օրվա առթիվ չեն լինի Արցախում և չեն մասնակցի միջոցառումներին:

Մեզ հետ զրույցում Արցախի պատգամավորը նաև հայտնեց, որ Արցախ են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ ՔՊ-ից եկել է 7 պատգամավոր՝ մեծաթիվ թիկնապահների ուղեկցությամբ.

«ՔՊ-ից ընդամենը 7 հոգի էր եկել՝ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանը և այլք:
Երեկ նաև ճաշկերույթ էին կազմակերպել, որին մենք չմասնակցեցինք, չմասնակցեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ական 7 պատգամավորներն Արցախ են մեկնել 14 թիկնապահների ուղեկցությամբ.

«Ի գիտություն այս իշխանությունների՝ երբ իրենց ասած նախկինները գալիս էին Արցախ, որևէ թիկնապահ մենք չենք տեսել, մեքենաների շարասյուն չենք տեսել, իրենք միշտ քայլել են իրենց ընտանիքներով, ընկերներով, կուսակիցներով, մենք երբեք չենք տեսել իշխանական պաթոսը, որովհետև Արցախը միշտ գաղափար է եղել և ամոթ է եղել այդպիսի պահվածքը։ Իսկ հիմա թե՛ Արցախի , թե՛ Հայաստանի իշխանություններն իրենց դարի հարց լուծողի տեղ են դրել»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

 

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների Արցախ չգնալը Հարցին ի պատասխան՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ նրանց համար Արցախն այլևս գոյություն չունի.

«Շատերն ինձ հարցնում են, հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը կամ իշխանական ներկայացուցիչներից գողեգող գան և գնան, բայց ես, վստահ լինելով Նիկոլ Փաշինյանի վախկոտության վրա, գիտեմ, որ նա նման ռիսկի չի դիմի: Որևէ մեկը նրան չի կարող անվտանգության երաշխիքներ տալ, ինքն այլևս երբեք Արցախ ոտք չի դնի: Սա աննախադեպ է, սա ուղիղ փաստում է այն հանգամանքը, որ այս մարդիկ իրենց համար փակել են Արցախի հարցը, իրենց համար Արցախ գոյություն չունի»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ սա նաև քաղաքական աստառ ունի.

«Իրենք այս պահվածքով իրենց գործընկերոջը՝ Ալիևին, իրենց հավատարմությունն են ցույց տալիս: Իրենք այս քայլով համաձայնություն են տալիս Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, հետևաբար, քննարկումներ չեն կարող լինել այս հարցով: Իսկ անձնական առումով՝ իրենց համար Արցախ երբեք չի եղել, այս իշխանությունները ձևավորվեցին, որպեսզի Արցախը, Սյունիքը, առհասարակ հային վերացնեն և ինչքան հնարավոր է մասնատեն և հանձնեն մեր հայրենիքը»,-ասաց զրուցակիցը: