
Ոնչնով չենք կարողանում օգտակար լինել, քանի որ ԱԱԾ-ն թույլ չի տալիս. Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բանակացություներն առայժմ շարունակվում են: Որոշ թելեգրամյան ալիքներ հայտնում են, որ լարվածությունը չի նվազում և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ընդլայնել տեղակայման քարտեզը, մինչդեռ համայնքներում համայնքի բնակիչներն ու համայնքի ղեկավարների մեծ մասը տեղեկություններ չունեն, իսկ իրավիճակն համեմատաբար հանդարտ է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԶՈւ-ը փակել են մասնավորապես Գորիս-Կապան, Գորիս Շուռնուխ և Գորիս-Որոտան ճանապարհները: Արդեն մի քանի համայնքի ղեկավարներ հաստատել են այս փաստը և լրագրողներին հայտնել, որ բանակցությունները դեռ շարունակվում են, որևէ ստույգ տեղեկատվություն չկա, թե դրանք ինչ ընթացք կստանան:
Pravda.am-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանը նշեց, որ գյուղում ամեն ինչ հանդարտ է: «Մեր գյուղի ճանապարհը փակ չէ: Խոսքը գնում է Գորիս-Կապան, Գորիս-Շուռնուխ ճանապարհների մասին»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ այս պահին ավելացնելու բան չունի, ընթանում են բանակցություններ: Նա վստահեցրեց, որ Դավիթ Բեկում այս պահին իրավիճակը նորմալ է: Գորիսի համայնքի տեղակալ Քոչարյան Կարենը էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այն ինչ այս պահին կատարվում է, դա միայն սկիզբն է. «Ներկա դրությամբ ճանապարհները փակ են, երեք գյուղերը՝ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան՝ անհասանելի, ոչնչով չենք կարողանում օգնել, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն թույլ չի տալիս տեղաշարժվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց նա՝ նշելով նաև՝ թե ինչ է կատարվում այդ հատվածում, ոչ ոք չգիտի: «Պոստից այն կողմ չգիտենք ինչ է կատարվում»: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա Քոչարյանն հավելեց, որ համայնքի ղեկավարներին ու բնակիչներին ոչ մի տեղեկությունը չի հաղորդվում: «Ես միայն մի բան գիտեմ՝ սա սկիզբն է: Սա սպասելի էր, քանի որ թուրքը հանդարտվող չէ: Սյունիքի մարզպետերը, որ բարձրաձայնում էին, հենց այս մտահոգությունն ունեին: Թուրքը երկար չի լռի»,- ասաց նա: Համացանցում տեղեկություններ էին տարածվել նաև, որ փակ է նաև հայ-իրանական սահմանը: Մենք կապ հաստատեցինք նաև Մեղրիի համայնքապետարան, որտեղից մեզ վստահեցրեցին, որ Մեղրիում, առավել ևս՝ սահմանային հատվածում իրավիճակն հանդարտ է: «Ճիշտն ասած՝ մեզ նման տեղեկատվություն չի հասել, վիճակն էլ Մեղրիում բավականին հանգիստ է: Այս պահին՝ նման բան չկա: Մեղրիում ավտոճանապարհների հետ կապված խնդիրներ չկան»,- ասաց Մեղրիի համայնքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուրադյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Մեղրիի հատվածում հայ-իրանական ավտոճանապարհը փակ է: Կապանի համայնքապետարանից մեր զանգերին պատասխանող ընդհանրապես չեղավ: Նշենք, որ Սյունիքի փոխմարզպետ Կամո Ավանեսյանը Փաստինֆոյի հետ զրույցում հայտնել է, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քանի որ ադրբեջանական կողմը հրաժարվում է բանակցել հայկական կողմի հետ: «Նրանք պատրաստ են բանակցել միայն ռուսների հետ»,- ասել է փոխմարզպետը՝ ընդգծելով սակայն, որ հարևան զինվորականները վստահեցրել են, թե ճանապարհներն առաջիկայում կբացվեն: Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհներին, մարզպետը նշել է, որ կան այդպիսի ճանապարհներ, սակայն դրանք վերանորոգման ենթակա են: Հիշեցնենք, որ կեսգիշերին մոտ 50 ադրբեջանական զինվորականներ փակել են Գորիս-Կապան և Դավիթ Բեկ տանող ավտոճանապարհները: