Նիկոլ Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց ԱԺ ամբիոնից
Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3777 է, անհետ կորած համարվող անձանց թիվը՝ 243։ Խորհրդարանում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետը հրապարակել էր այդ թվերը, սակայն ընդդիմադիր պատգամավորներից նշում էին, որ ԳՇ պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ այլ թիվ է ասել, որը չի համապատասխանում վարչապետի ներկայացրած թվին։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեղյակ է՝ ԳՇ պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումներում այլ թիվ է ներկայացրել։
«Մենք որևէ թիվ թաքցնելու միտում չենք կարող ունենալ։ Իմ ասած թվից այսօր փոփոխություն կա, որովհետև այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել։ Եթե ԳՇ պետի տեղակալն այլ թիվ է ասել, թող գա զեկուցի ինձ գրավոր իր ասած թիվն ու հիմնավորի։ Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։ Այս պահի դրությամբ ունենք 3777 զոհ, որից 3702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական։ Գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց թիվը 243 է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։






























