«Որոշ մասունքներ ծնողները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում». Ավանեսյան

Այս պահին պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար գտնվում է Հոլանդիայում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Դեռևս ՀՀ տարբեր դիահերձարաններում պահվում են զոհված զինծառայողների աճյուններ կամ մասունքներ, սակայն չեմ կարող ասել, թե քանիսի մասին է խոսքը։ Ունեին մասունքներ, որոնք չէինք կարողանում նույնականացնել, և հիմա այդ փորձանմուշները գտնվում են Հոլանդիայում, որտեղ ավելի բարդ փորձաքննություններ են անցնում»,–ասաց Ավանեսյանը։ 

Նրա խոսքով` կան մասունքներ էլ, որոնք նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի կամ էլ երրորդ, չորրորդ անգամ այլ երկրներում փորձաքննության ենթարկել և հաստատել պատասխանները։ Ավանեսյանը նշեց` մինչ այս պահը Հայաստանում և արտերկրում արված փորձաքննությունների պատասխաններն իդենտիկ են եղել։ Նման դեպքերն էլ, ըստ նախարարի, 20-ից ավել են։ 

Ավանեսյանը հավելեց, որ աճյունների և մասունքների պահման պայմաններն ուշադրության կենտրոնում են: Այս ընթացքում Մարտունու դատաբժշկական կենտրոնն է վերազինվել և վերակառուցվել, նույնը նաև Մեծամորի դատաբժշկական կենտրոնին է վերաբերում։ 
 

Քաղաքականություն