Ֆիզգորոդոկում շինթույլտվությունը չի կասեցվել, միգուցե եղել են բանավոր համաձայնություններ՝ ժամանակավոր դադարեցնելու մասին. Կարապետյան

Նախօրեին «ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել ֆիզիկայի ավանում բարձրահարկ շենքի կառուցման աշխատանքները։ Նրանք քաղաքապետարանում հանդիպումներ էին ունեցել, որից հետո տեղեկություն տարածեցին, որ շինարարությունը կասեցվել է։

 

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ շինթույլտվությունը չի կասեցվել, այն օրինական ուժի մեջ է։ Միգուցե եղել են բանավոր համաձայնություններ՝ ժամանակավոր դադարեցնելու ակտիվ գործողությունները, բայց շինարարությունը չի կասեցվել։

 

Դիտարկմանը, թե բնակիչները պնդում են, որ շինարարությունը կասեցվել է, քանի որ ՇՄԱԳ փորձաքննություն չի կատարվել՝ նա ընդգծեց, որ նախօրեին քաղաքապետարանում հերթական անգամ այդ կառուցապատմանը վերաբերող հանդիպում քննարկում է տեղի ունեցել տարածքի բնակիչների ներկայացուցիչների և քաղաքապետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև։

 

«Սա հավանաբար վերջին 2.5 տարվա ընթացքում 1 տասնյակին հասնող նման հանդիպումներ են եղել, սա ի միջի այլոց՝ ի պատասխան այն պնդումների, որ քաղաքապետարանը կոնտակտի մեջ չի մտնում, բնակիչների կարծիքը չի լսում և այլն, բնակիչների կարծիքը ոչ միայն լսում են, այլև այդ քննարկումների ընթացքում մտքեր են գեներացվում։ Ամեն դեպքում տեղի է ունեցել հանդիպում և քաղաքապետարանը ընդամենը ներկայացրել է այն, ինչ ներկայացրել ենք նախորդ ամիսներին և տարիներին։ Անձամբ եմ առիթ ունեցել և իմ գործընկերները առիթ ունեցել են ներկայացնելու, որ Երևանի քաղաքապետարանը շինարարական թույլտվություններ տրամադրելու կամ չտրամադրելու հարցը քննարկելիս, այսինքն, տրամադրել-չտրամադրելը քննարկելիս առաջնորդվում է բացառապես Երևանի քաղաքապետարանին Հայաստանի օրենքներով վերապահված լիազորությունների և պարտականությունների շրջանակներում։ Երևանի քաղաքապետարանը տվյալ կառուցապատման հայտը քննել է խիստ հանգամանորեն, լայն հանրային քննարկում է տեղի ունեցել, նաև մասնագիտական քննարկում է տեղի ունեցել՝ ի դեմս քաղաքաշինական խորհրդի նիստի, որը գրեթե միաձան հավանություն է տվել այս նախագծին, որից հետո շուրջ 2.5 տարի տեղի ունցած քննարկումների արդյունքում քաղաքապետարանը շինարարությունը թույլատրելու որոշում է կայացրել։ Սա քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում առավելագույնն է, ինչ պետք էր անել։ Բնակիչներն ասում են, որ այս տարածքում այդ կառուցապատողի սեփականության իրավունքները կասկածելի են կամ վիճարկվում են դատարում և այլն՝ հրաշալի է, եթե կան հիմնավոր կասկածներ կամ ապացուցված փաստեր՝ սեփականության հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը համապատասխան պետական մարմիններից, կլինեն իրավապահ մարմիններ, կլինի դատարան, կստանան տվյալներ, որոնք կսասանեն այդ շինթույլտվությունը տրամադրելու հիմքերը, այն միանշանակ համապատասխան հետևություններ կարվեն։ Քաղաքապետարանը չունի որևէ գործիք կամ լիազորություն՝ գնահատելու, թե այդ սեփականության իրավունքը կամ սեփականության վկայականը օրինական հիմքերով է, թե օրինական հիմքերով չէ»։

 

Նշենք, որ նախօրեին ArmDaily.am-ի հետ զրույցում «Ռադկուս» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մնացականյանն ասել էր, որ երբ նախկինում նախատեսվում էր 100 տոկոս կառուցապատում իրականացնել՝ 2006 թ-ին ՇՄԱԳ փորձաքննություն եղել է, սակայն հիմա քանի որ փոսորակը 1500 մետրից փոքր է, օրենքով ՇՄԱԳ նախատեսված չէ։ «Մենք ունենք բնապահպանության նախարարության եզրակացություն այն մասին, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն առկա չէ։ Մենք այլ վայրերում ևս շենքներ ենք նախագծում և ՇՄԱԳ արել են, մենք ընթացակարգերը գիտենք, բայց քանի որ այստեղ փոսորակը փոքր է դրա կարիքը չկա»։