
Ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ. Վլադիմիր Վարդանյան

Ես մշտապես եղել եմ ու մնալու եմ լրագրողների պաշտպան և խոսքի ազատության ջատագով, այնուհանդերձ, եթե կան որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառելի են բոլորի նկատմամբ` առանց խտրականության, դա չպետք է դիտարկվի որպես սահմանափակում լրագրողների նկատմամբ։ Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նիստերի դահլիճում ծավալված միջադեպից հետո ԱԺ նախագահի կարգադրությամբ ուղիղ հեռարձակումը ընդհատելուն, ինչպես նաև այն հանգամանքին, որ լրագրողներին ստիպեցին դուրս գալ օթյակից:
Դիտարկմանը, որ լրագրողները օթյակում չգտնվելով չեն կարող լուսաբանել պատգամավորների հնարավոր ծեծկռտուքը, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ծեծկռտուք լուսաբանելը, իմ կարծիքով, մեդիայի գործառույթը չէ»:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի` գործունեության գրեթե բոլոր տեսակներում կան որոշակի սահմանափակումներ, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի այլ իրավունքներ և գործունեության տեսակներ չտուժեն: