
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ իրանական բեռնատարների Արցախ «անօրինական» անցման պատճառով

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվել են Իրանին պատկանող բեռնատար մեքենաների Լեռնային Ղարաբաղ «ապօրինի» (չակերտները՝ Խմբ.) անցման փաստերը, ինչի կապակցությամբ իրանական կողմին նոտա է հղվել, գրում է haqqin.az-ը:
«Նոտան բողոք է արտահայտում այն կապակցությամբ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները մշտապես մուտք են գործում և դուրս են գալիս «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան» (չակերտները՝ Խմբ.)՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: Որոշ ժամանակ առաջ բանավոր կերպով բողոքն արտահայտվել է իրանական կողմին, հարցը բարձրացվել է Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ», - ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի ՝ կանխելու նման գործողությունները: