Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին կապել է երկրում մոլեգնող անտառային հրդեհների հետ: Նա հայտարարել է, որ հրդեհների գործով ձերբակալվածների թվում կան մարդիկ, ովքեր առնչվում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, հայտնում է Ahval-ը:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը, հետախուզական ծառայությունը եւ ժանդարմերիան շարունակում են իրենց հետաքննությունները, եւ «անհրաժեշտ ամեն ինչ կարվի»: Թուրքիայի նախագահը նաեւ ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է անտառային հրդեհների դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ:

 

Կառավարության պարտքն է «հոգ տանել այս բոլոր անտառների մասին, վերականգնել անտառները եւ առաջին հերթին մարել հրդեհները»,- ասել է Էրդողանը: «Միաժամանակ, բնակելի տարածքներում հրդեհների պատասխանատվությունը քաղաքապետարանների վրա է»:

Անթալիայի, Մուղլայի, Իզմիրի եւ Այդինի քաղաքապետարանները, որոնց ղեկավարում են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքապետները, «կրում են առաջին աստիճանի պատասխանատվություն»,- շարունակել է նա:

Կառավարությունը քննադատության է ենթարկվել անտառային հրդեհներին ուշացած եւ անբավարար արձագանքի համար: Քննադատները Էրդողանի կաբինետին մեղադրում են շահարկումների մեջ: Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան (THK) միջոցներ չի ստացել հրդեհաշիջման ինքնաթիռների իր նավատորմի պահպանման համար, եւ ներկայումս մի քանի ինքնաթիռներ մնում են տեղում, քանի որ պատրաստ չեն թռիչքի:

Սոցիալական ցանցերում թուրք օգտատերերի շրջանում արշավ է սկսվել, որը կոչ է անում միջազգային հանրությանը օգնություն ուղարկել Թուրքիա՝ ինքնաթիռների եւ ուղղաթիռների տեսքով, որոնք կօգնեն պայքարել հրդեհների դեմ: «Այն, որ մենք ուժեղ ենք, պետք է նրանց այդպես նյարդայնացնի»,- ասել է Էրդողանը: «Դրա դեմ «Ուժեղ Թուրքիա» անվանումով արշավ է սկսվել»:

Քաղաքականություն