
Այն ինչ Երասխում կատարվում է՝ 200-300 քառ. մետրի համար է․ քաղաքագետը՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտիների մասին

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արարատի մարզի Երասխի և Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի ագրեսիային։ Քաղաքագետը հայտնել է, թե ինչով է Երասխում իրավիճակը տարբերվում Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներից։
«Տարբերությունը նրանում է, որ այնտեղ սահմանագիծն ավելի հին է, ձևավորվել է 90-ականների սկզբին։ Կան բաներ, որոնք պետք չէ ասել, բայց ցանկացած հայ, ով երթևեկել է այդ ճանապարհով՝ տեսել է բոլոր շինությունները, հողային աշխատանքները, ուժերը, որոնք այս տարիներին բանակը կենտրոնացրել է։ Այստեղ սահմանը վատ չէ ձևավորվել և ադրբեջանցիները հենց այդ սահմանից ներս գալ ու փորձել մի քանի տասնյակ քառակուսի մետր տարած վերցնել՝ պարզապես չեն կարող։ Այն, ինչ այստեղ կատարվում է՝ 200-300 քառ. մետրի համար է»։
Իսկանդարյանը նշում է, որ երկրի հարավում իրավիճակն այլ է, սահմանները համեմատաբար ավելի նոր են, հայ-ադրբեջանական շփման գծի է վերածվել նոյեմբերից և երեք ամիս առաջ են այստեղ տեղակայվել։
«Դրա համար զինված ադրբեջանցիներին սահմանին դիմավորում են կամ հովիվները, կամ գյուղապետերը, կամ այդ կողմով անցնող որևէ մեկը։ Այստեղ սահմաններ չկան ու ադրբեջանցիները կարող են իրենց թույլ տալ այն, ինչը արդեն ամուր սահմանին չեն կարող»։
Իսկանդարյանը նշեց, որ պետք է անել այնպես, որ ադրբեջանցի զինվորականների համար դժվար լինի ամեն պահի անել այն, ինչ ցանկանում են
«Հասկանում եմ, որ դա հնարավոր չէ անել մեկ օրում, բայց անցել է 9 ամիս։ Գուցե որպես տակտիկական որոշում լավն է, որ ռուսները գան սահմանին կանգնեն, բայց ռուսները գալիս են բավականին դանդաղ։ Մեր համար ժամանակը նույն կերպ չի անցնում՝ մենք ժամանակ չունենք։
Հետաքրքրությունները կարող են համընկնել, երբ երրորդ երկիրը տեղակայվի քո սահմաններին։ Ռուսները մեծ պատերազմ չեն ուզում՝ կարևորը սահմաններին հանգիստ լինի։ Բայց իրենց համար միևնույն է՝ ով է վերահսկում իրավիճակը Սև լճում ՝ Արցախը, Հայաստանը, թե Ադրբեջանը։ Չի լինում այնպես, որ հետաքրքրությունները 100 տոկոսով համընկնեն։ Գերտերությունները Աստծո նման են՝ օգնում են նրանց, ովքեր իրենք իրենց են օգնում»։