ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այգեստան թաղամասում երեկ կրակոցներ արձակած 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Երևանի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցում, նախնական տվյալներով, ալկոհոլի ազդեցության տակ հունիսի 21-ին կրակոցներ արձակա 42-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

 

«Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին»- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շուտով հայտնի է դարձել, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։

 

«42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրին, ինչը ժամեր անց արդյունք տվեց։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


  •  

Քաղաքականություն