Փոխնախարարի կարգադրությամբ խոչընդոտել են դիզվառելիքի ներկրմանը. գործը դատարանում է

Պաշտոնյաների կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը խոչընդոտելու մասին քրեական գործն ուղարկվել է դատարան: Պարզվել է, որ Ֆինանսների նախկին փոխնախարարը հրահանգել է Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալին դիզվառելիքի ձևակերպումներն իրականացնել միայն իր թույլտվությամբ:

 

Պետի տեղակալը, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը, թույլ չի տվել դիզվառելիքի խմբաքանակը ձևակերպել, այլ դիզվառելիքով բեռնատարները հրահանգել է տեղափոխել պահեստ, այնուհետ՝ ամիսներ շարունակ թողել այնտեղ: Բեռները, ի վերջո, վերադարձել են հետ, այնուհետ՝ ընկերության միջամտությամբ կրկին հատել հայ-վրացական սահմանը: Հարկադիր պարապուրդի համար դիզվառելիքը ներկրող ընկերությունը 1.200.000 ՌԴ ռուբլի է փոխհատուցել վարորդներին, ինչը նշանակում է՝ գույքային ծանր վնաս է կրել:

 

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ փոխնախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ մեկ այլ քրգործով արդեն իսկ ընտրվել էր կալանավորումը որպես խափանման միջոց և հայտարարվել հետախուզում:

Դատախազության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: 

 

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձևակերպումներ:

 

Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում: 

2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500 տ. դիզելային վառելիք, որի մի մասը՝ 181.6տ, մինչև 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին: