
Հակասական լուրեր Թաղավարդից. գյուղը կիսված է, կրակոցը իրենց կողմում է եղել

Արցախի Թաղավարդ գյուղում կրակոցներ են լսվել։ Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել։
«Կրակոցը եղել է մեր գյուղից հեռու։ Թուրքերն իրենց տարածքում են կրակել, մեր վրա չեն կրակել։ Այնտեղ ինչ որ գել-գազան է անցնում, կրակում են էլի։ Այսօր կրակոց չի եղել դեպի մեր ժողովուրդը»։
Նշենք, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը պատերազմից հետո կիսվել է. Մի մասը հայկական կողմի հսկողության տակ է, մյուսը՝ ադրբեջանական։ 100-ից ավելի տուն է մնացել ադրբեջանական կողմում։ Հարությունյանը վստահեցնում է՝ կրակոցները ադրբեջանսական կողմում են եղել։
«Մեր գյուղի մի մասը Ադրբեջանի վերջն է։ Գյուղը կիսված է, Ադրբեջանի տիրապետության տակ է, որտեղ իրենք մնում են, այնտեղ են կրակել։ Մի հատ կրակոց է եղել՝ հեռու, իրենց տիրապետության տարածքում, դեպի մեր գյուղը կրակոց չի եղել։ Ես հիմա գյուղում եմ ՝ գյուղապետարանում»,- ասաց գյուղապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Թաղավարդ գյուղի ուղղությամբ՝ գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքից։ Կրակոցները հնչել են առավոտյան` ժամը 09:00-10:00-ի սահմանում։