
Զուգընկեր չունեցող կանայք կկարողանան երեխա ունենալ․ օրենքը քննարկման փուլում է

Այսուհետ անպտղություն ունեցող զույգերի և այն կանանց համար, որոնք զուգընկեր չունեն, բայց ուզում են երեխա ունենալ, գործընթացն ավելի հասանելի կլինի։ Այս մաին Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը հայտնեց այսօր կայացած ասուլիսի ժամանակ ` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքում» փոփոխություններ են նախատեսում։ Օրենքը դեռ քննարկման փուլում է։
Ամենակարևոր փոփոխությունն, ըստՓաշայանի, այն է որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկն ըստ գործող կարգի` պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը, այսինքն` կրի նրա գենետիկական կոդը։ Այս դրույթը վերացվում է, քանի որ կան ընտանիքներ, որտեղ ինչպես կինը, այնպես էլ ամուսինը չունեն առողջ սեռաբջիջներ։ Այսինքն` օրենքի փոփոխությամբ դոնորական սերմի և ձվաբջջի միջոցով կարող են միջամտություն կատարել։
Փաշայանը տեղեկացրեց նաև, որ օրենքի փոփոխությամբ սահմանափակվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող կանանց տարիքը (այժմ մինչև 53 տարեկան կանայք կարող են դիմել այդ ծառայություններին)։ Նա նշեց, որ սահմանափակում է մտցվել` ելնելով կնոջը սպառնացող առողջական վտանգներից. հետազոտությունները փաստում են` մեծահասակների մոտ մայրական և մանկական մահացության դեպքերը 3 անգամով շատ են, քան երիտասարդների մոտ։