Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում

Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության կազմում գտնվող տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
 

Նշվում է, որ վարժանքներն անցկացվում են մարտական պատրաստության պլանի համաձայն: ԱԹՍ հաշվարկները իրականացնում են գործնական թռիչքներ և ուսումնամարտական խնդիրներ՝ ուսուցման ընթացքում ամենաժամանակակից մարզասարքերով կուտակված հմտությունները կատարելագործելու նպատակով:

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները, ժամանակին ու ճիշտ բացահայտելով պաշտպանության խորքում գտնվող պայմանական հակառակորդի թիրախները, կատարում են իրենց առջև դրված խնդիրները, ինչպես նաև հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տվյալները փոխանցում կառավարման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրի համաձայն՝ խնդիրների կատարման ընթացքում կիրառվում են հատուկ անօդաչուներ, որոնք նախատեսված են տեղանքի օպտիկական և ռադիոէլեկտրոնային հետախուզում իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-8-ը անցկացվել են կապավորների ադրբեջանա-թուրքական զորավարժություններ։ Վարժանքների ընթացքում օգտագործվել են կապի ժամանակակից միջոցներ և կառավարման ավտոմատացված համակարգեր:

 

Քաղաքականություն