Եթե պետք լինի, էլի՛ պատերազմ կանենք. Հրանտ Բագրատյան

««17»-ը գտնում է, որ վարչապետի շուտափույթ փոփոխությունն էական է, որովհետև լուրջ շանս կա և մեծ հավանականություն, որ գոնե Հադրութն ու Շուշին կարող ենք վերադարձնել»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մանրամասնելով Շուշիի և Հադրութի ետ վերադարձման հավանականությունը և անհրաժեշտ քայլերը՝ Բագրատյանն ասել է. «Շատ հանգիստ կարող ենք հետ բերել: Պետք է աշխատի Մինսկի խումբը, պետք է վերականգնվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե «Ալիևն էլ կասի՝ ես թքած ունեմ ձեր տարածքային ամբողջականության վրա», Բագրատյանը պատասխանել է, թե «մենք էլ Սյունիքով իրենց ճանապարհ չենք տա. դա իրենց համար ավելի՛ կարևոր է, քան՝ մեզ համար իրենց տարածքով ճանապարհը դեպի Ռուսաստան»:

«ԼՂԻՄ-ը չի՛ վերացել, Արցախի Հանրապետությունը չի՛ վերացել...: Եթե պետք լինի, էլի՛ պատերազմ կանենք»,- ասել է Բագրատյանը:

«Ո՞նց, ո՞ւմ, ինչի՞ հաշվին եք պատերազմ անելու»,- հետաքրքրվել է Պ. Ղազարյանը:

«Գիտեք, մի անգամ պատերազմ արել եմ, ոնց որ թե հաղթել եմ: Մի անգամ եղավ ...: Մենք առաջինը պահանջելու ենք, որ տարածքային ամբողջականությունը վերականգնեն, Հադրութի բնակչությանը թողեն, թող գնան էնտեղ ապրեն»,- պատասխանել է Հրանտ Բագրատյանը:

Քաղաքականություն

Պատահարներ