Օրվա լրահոս

Իրանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Ինչպես հայտնում է Sputnik-ը, պաշտոնական Թեհրանը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնությունից և զսպվածություն դրսևորել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել բռնությունից: Իրանում ուշադիր հետևում են Հայաստանում իրադարձությունների զարգացմանը»,- հաղորդում են Իրանի ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աջակիցները հանրահավաք են անցկացրել, ընդդիմությունը Ազատության հրապարակում հավաքից հետո երթով շարժվել է դեպի ԱԺ: Խորհրդարանի շենքի առջև ընդդիմադիրները վրաններ են տեղադրել, պատրաստվում են այնտեղ գիշերել՝ մինչև հասնեն վարչապետի հրաժարականին:

Վերջին նորություններ