«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ». մայրը չհասկացավ, որ հյուրը թշնամին է, կզանգի, եթե ողջ մնա. Sputnik Արմենիա

Վաղինակ Աբգարյանից մեկ ամիս լուր չկար։ Որ նա զոհվել է, գիտեին բոլոր ընկերներն ու հարազատները, միայն մայրն էր անտեղյակ։ Այնքան ժամանակ, մինչև այլևս անհնար դարձավ թաքցնելը։ Անգամ ամիսներ անց նրա համար դժվար է առանց արցունքների խոսել այդ մասին, գրում է Sputnik Արմենիա-ն: 

 

Լրատվականը գրում է, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան երեք գերեզմանի վրա դրոշներ են ծածանվում։ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների շիրիմներն են։

Իրականում ոչ բոլոր հերոսներն են այստեղ թաղված։ Վաղինակ Աբգարյանը հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։ Նրա մայրն ու կինը որոշել են, որ հերոսը պետք է շրջապատված լինի մարտական ընկերներով և հուղարկավորվի զինվորական կարգով։

 

«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ»... այս բառերով ավարտվեց Վաղինակ Աբգարյանի վերջին հեռախոսազրույցը մոր՝ Հասմիկի հետ։ Դա հոկտեմբերի 22-ն էր։ Այն ժամանակ կինը չհասկացավ, որ հյուրը՝ թշնամին է, իսկ որդին կզանգի, եթե չզոհվի։ Իսկ ահա Վաղոյի (այդպես են նրան անվանում ընտանիքում) կինը՝ Անուշը, միանգամից գլխի ընկավ։ Աղոթում էր, որ ամուսինը հետ զանգի։ Սակայն չզանգեց։ Միայն մեկ ամիս անց հարազատները ստացան լուրը՝ Վաղինակը զոհվել է` հերոսաբար կռվելով Թաղավարտի համար մարտերում։

 

«Ինձնից թաքցրել էին, որ տղաս կռիվ է գնացել։ Մտածում էի՝ զորավարժությունների է։ Բայց նրա զոհվելու օրը ինչ-որ տարօրինակ բան կատարվեց։ Ես խանութում էի և ահավոր ցավ զգացի, կարծես սիրտս դանակ մտավ։ Ցավից կծկվեցի ու սկսեցի լացել։ Չէի կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում»,-պատմել է մայրը։

 

Իր միակ որդուն Հասմիկն ուշ է ունեցել՝ 39 տարեկանում։  Նրան անվանակոչել են քեռու պատվին, որը մահացել էր ավտովթարից։ Իսկ ամուսինը մահացավ, երբ Վաղինակն ընդամենը չորս տարեկան էր։ Միայնակ նրան ոտքի կանգնեցնելը հեշտ չէր։ Տղան հայրենասեր էր մեծանում և, չնայած բանակից «թռնելու» բոլոր հնարավորություններին, որոշեց այդ ճանապարհը չընտրել։ Իսկ երբ սկսվեց պատերազմը, կամավորագրվեց, բայց մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, և նա հետաձգեց մեկնելը։ Մի քանի օր անց ծանուցում ստացավ և, չնայած կինը հակառակն էր համոզում, գնաց պատերազմ։

«Ասում էր, որ մեզ պաշտպանելու է գնում, որպեսզի ես ու աղջիկներս գլուխներս բարձր քայլենք ու հպարտանանք մեր հերոս պապայով։ Այդպես էլ եղավ։ Մինչև վերջին պահը հույս ունեի, որ նա ողջ է։ Երազում էի, որ վերադառնա, թեկուզ հաշմանդամ։ Ես պատրաստ էի ամբողջ կյանքում նրա մասին հոգ տանել, բայց չեկավ։ Հիմա էլ դժվար է նրա մասին անցյալ ժամանակով խոսել։ Վաղինակն ինձ համար ողջ է»,-պատմել է Անուշը՝ արցունքները զսպելով։

 

 

Իսկ Հասմիկը զսպել չի կարողանում, սկսում է հեկեկալ։ Պատմում է, որ որդին մարտական ընկերների հետ որոշել է փակել հակառակորդի ճամփան, մինչ մյուսները մարտադաշտից դուրս կբերեին վիրավորներին։

Տիկին Հասմիկն ասում է, որ տղերքն իր աչքերին չեն կարողանում նայել․չէ՞ որ Վաղինակն իրենց փրկեց, իսկ իրենք նրան փրկել չկարողացան։ Ընկերները պատմում են, որ վերջին մարտից առաջ Վաղինակն ասել է, որ մայրն իր զոհվելուն չի դիմանա և խնդրել է ամեն ինչ անել, որպեսզի բոլորը ողջ մնան։

 

Ընտանիքը դեռևս դեկտեմբերին տրամադրել է ֆինանսական  փոխհատուցում ստանալու փաստաթղթերը, սակայն առայժմ որևէ պատասխան չի ստացել։ Հասմիկը վստահ է, որ պետությունն իրենց դժբախտության մեջ մենակ չի թողնի, բայց խոստովանում է՝ ոչ մի գումար չի մեղմացնի հոգում առաջացած դատարկությունն ու ցավը։

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում