20 միլիոնից ավելի վարկ ենք վերցրել՝ ցորեն ցանել, անասուն գնել ու հիմա 100 մետր այն կողմ ադրբեջանական պոստն է. 50/50 է գործ անելը. «Փաստինֆո»

Կապան խոշորացված համայնքի Շիկահող գյուղի 160 բնակիչներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը երեք դպրոցահասակ երեխա ունի, գյուղում ապրում է մոր ու կնոջ հետ։ Մինչև գյուղի սահմանամերձ դառնալը, գյուղական առօրյան լեցուն էր, աշխատանքի շնորհիվ հասցնում էր ընտանիքին ապահովել՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում։ Բայց, նոյեմբերի 10-ից հետո փոխվեց նաև Հովհաննիսյանների կյանքը։  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: 

Հաճախ հնչող կրակոցների հետեւանքով բնակիչները կանգնեցին փաստի առաջ՝ այլևս նախկինի պես անվտանգ չէ հատկապես Կապան տանող ճանապարհը։ Ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու իրենց ընտանիքների անդամների անվտանգության նկատառումներից ելնելով։ Չնայած ճանապարհի երկու հատվածում խաղաղապահներն են մշտադիտարկում անում, բայց երաշխիքներ չունեն։

«Որ գնում ենք քաղաք, թուրքի մոտով ենք անցնում։ Ոչ մի գործողություն ճանապարհի հատվածում կանգնած չեն անում, բայց մարդ ես, անվտանգության հարց կա»:

Թշնամու թիրախում գտնվող 52 հա-ից մի մասն էլ Հովհաննիսյանինն է. մշակված վարելահողերի ապագան մշուշոտ է. ցորեն է ցանել ու դրանք հայտնվել են անմիջապես սահմանին։

«Իմ հողից 100 մետր այն կողմ ադրբեջանական պոստն է։ Ես տարբեր տեղերում հողեր ունեմ։ Ժամանակը կգա, կհասկանանք՝ կկարողանա՞նք բերքը հավաքել, թե ոչ»։

Շիկահողցիներին վնաս շատ է հասցվել. Մարդիկ գյուղատնտեսական վարկեր են վերցրել, կենդանիներ գնել, հող մշակել, բայց այսօր պատրաստվում են կենդանիներից ձերբազատվել։ Շատ հարցերի պատասխան էլ գարնան գալուց հետո պարզ կլինի։

«Ամեն ինչն է վարկով։ Նոր «բելառուս» եմ վերցրել՝ 20 միլիոն դրամ է նստել, մի այդքան էլ ծախսել եմ՝ հսկա գոմ եմ սարքել, մեջը դատարկ է, բան չկա։ Վարկ եմ վերցրել կենդանիներ գնելու համար։ Կենդանիներին էլի պահում ենք, բայց քչացնում ենք։ Հիմա ամենաքիչը նոր ծրագիր պետք է անենք, ժողովրդին օգնեն, օրինակ՝ հատուկ ենթատեսակի կովեր տան, որոնք կկարողանանք գոմերում պահել, խոտը հարենք բերենք տանք, որովհետև շատերը արոտավայրերից չեն կարողանալու օգտվել՝ ռիսկային գործ է արոտավայր գնալը։ Հիմա անասուններին գոմերում ենք պահում, արոտավայրերում պոստեր են ու չենք կարողանում օգտվել։ Կարա լինի, որ անասունը այն կողմ անցնի՝ ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա։

Եթե չկարողանան բերքը հավաքել, կորստի չափը ահռելի է լինելու, բայց բնակիչներին հույս են տվել, որ կկարողանան բերքահավաք անել։

«Ես հիմա մեկ-մեկ հողը մշակում եմ թուրքերին կպած տարածքում։ 50/50 է գործ անելը։ Որ անցար տարան, կամ մի բան եղավ, ո՞վ է իմանալու, կամ որ իմացան ի՞նչ են անելու՝ ոչ մի բան։ Պետք է ժողովրդի համար այնպիսի բան անեն, որ ժողովուրդն էլ սահման չգնա»։

 

Հովհանիսյանը հրավիրում է կառավարության ուշադրությունը ու խնդրում անտարբեր չանցնել՝ օգնեն գոմում պահվող հատուկ ցեղատեսակի կենդանիներ ձեռք բերելու հարցում, որոնց համար գյուղացին մի քանի տարում կվճարի, իսկ հողամասից օգտվելու այլընտրանքն էլ ջերմոցներն են, այս ամենը գյուղացիներն իրենց ուժերով չեն կարող անել՝ գումար չունեն։

 

 

Քաղաքականություն