Հասարակություն

Ուժի մեջ են մտել երկրաշարժադիմացկունությանն ուղղված շինարարական նորմերը

Ուժի մեջ են մտել երկրաշարժադիմացկունությանն ուղղված շինարարական նորմերը

Հայաստանում ընթացիկ տարվա սկզբից ուժի մեջ են  մտել վերանայված, արդիականացված շինարարական նորմերը՝ ուղղված երկրաշարժադիմացկունությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան, դոցենտ Դավիթ Գրիգորյանը նշեց, որ 2018 թվականին գործող սեյսմակայուն շինարարության նորմերը լրամշակելու անհրաժեշտություն է առաջացել:

«Սովորաբար շինարարական նորմերը 10 տարին մեկ վերանայելու կարիք են ունենում, դրանից բացի փոփոխվել էր սեյսմիկ գոտիավորման քարտեզը, հետևաբար նորմերի արդիականացման անհրաժեշտություն կար: 2018 թվականին հայտարարվեց մրցույթ, որին հաղթեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:- Ձևավորվեց մասնագիտական խումբ, որում ընդգրկված էին ոչ միայն համալսարանի մասնագետները, այլև ԱԻՆ-ի, Քաղաքաշինության կոմիտեի, նախագծային, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ: Խումբը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Խաչիյանը:  Աշխատանքները տևեցին մեկ ու կես տարի, ինչից հետո նախագիծն անցավ մի շարք փորձաքննություններ: 2021 թվականի հունվարի 8-ից արդեն նորմերն ուժի մեջ են:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ, տ.գ. դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Դադայանը նշեց, որ համալսարանի կողմից մշակվել են նաև նորմեր, որոնք փոխկապակցված են երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի հետ: Դրանք երկաթբետոնե կոնստրուկցիայի, ինչպես նաև պողպատե կոնստրուկցիայի նորմերն են:

«Ի՞նչ գլխավոր կետեր են ընդունվել: Նախ դրանք վերաբերում են երկաթբետոնե պատերին՝ դիաֆրագմաներին: Նախկինում մեզ մոտ չկար սահմանված, թե ինչ է կոչվում դիաֆրագմա, ինչ չափեր պետք է ունենան, այնտեղ ինչ բացվածքներ են թույլատրվում: Հիմա արդիականացված նորմերում դրանք հստակեցված են: Հաջորդը վերաբերում է սալիկներին: Ժամանակի ընթացքում ընկնում են, պոկվում են, իսկ երկրաշարժի ժամանակ խոցելի են, դրա համար այդ հարցի հետ կապված հիմա նոր նորմերով կան սահմանափակումներ»,-ասաց Տիգրան Դադայանը: Արդիականացված նորմերը հաշվի առնելով մարդու անվտանգության ապահովումը  հաշվարկային երկրաշարժի դեպքում բարձր մակարդակի վրա կլինի:

Բանախոսները նկատեցին, որ Հայաստանում բնակֆոնդի մեծ մասը կառուցվել է խորհրային ժամանակաշրջանում, այն ժամանակվա նորմերով, որոնք այսօր հնացած են: Հիմնականում այդ ժամանակվա շենքերը կարիք ունեն ուժեղացման, սեյսմազինվածության ավելացման:  Ճարտարապետության և շինարարության գիտխորհրդի քարտուղար, դոցենտ Լևոն Լևոնյանը նշեց, որ Հայաստանում ներդրված են ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ, նախագծման մեթոդներ:

«Եթե պահպանվեն այդ հիմքերը, ապա կառուցված շենքերը կլինեն սեյսմակայուն և անվտանգ: Թեպետ, պետք է հաշվի առնել նաև շահագործման հանգամանքը: Մենք գիտենք, որ մեր շատ բնակիչներ արդեն կառուցված շենքերում բացվածքներ են իրականացնում, որոնք թույլատրելի չեն: Հետևաբար, անհրաժեշտություն է ոչ միայն նորմերի համապատասխան նախագծումն ու շինարարությունը, այլև վերահսկողությունը և, իհարկե, բնակիչների կարգապահությունը»,- ասաց Լևոն Լևոնյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250