Սկանդալ դատապարտյալների հիվանդանոցում. հանցագործ աշխարհում հայտնի «Կադոն» կազմակերպել է բաժանմունքի պետի հանգիստը. Shamshyan. com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության կողմից ստացված օպերատիվ տվյալների փաստով:

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ըստ այդ տվյալների, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական բժշկական կենտրոնի «Դատապարտյալների հիվանդանոցի» թերապևտիկ բաժանմունքի պետ Աննա Դ.-ն, դատապարտյալներից մեկի հետ կասկածելի կապի մեջ է և նա դատապարտյալ Արկադի Պ.-ն է, ում համար թերապևտիկ բաժանմունքի պետը որոշակի արտոնյալ պայմաններ է ստեղծել քրեակատարողական հիմնարկում:

Օպերատիվ տվյալներով Արկադի Պ.-ն՝ հանդիսանալով հոգեբուժական բաժանմունքի հիվանդ, թերապևտիկ բաժանմունքի միջնորդությամբ, առանց համապատասխան հիվանդությունների առկայության, տևական ժամանակ ստացիոնար բուժում է ստացել քրեակատարողական հիմնարկի թերապևտիկ բաժանմունքում:
 

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ իր համար արտոնյալ պայմանները պահպանելու համար, Արկադի Պ.-ն Աննա Դ.-ի և նրա հարազատների հանգիստն ու ժամանցը 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարբերաբար կազմակերպել է Տավուշի մարզի «Ապագա Ռեզորթ» և «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան գոտիներում:
 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Արկադի Պ.-ն հանցագործ աշխարհում հայտնի է «Կադո» մականվամբ: