
ԼՈՒՍԱՆԿԱՐ.Դաջվածքով սֆինքս կատուն համացանցում հայտնի դարձավ, իսկ տիրոջը մեղադրում են դաժանության համար

Համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել Ուկրաինայում բնակվող սֆինքս կատուն՝ Յաշան, որը վիրտուալ տիրույթում ճանաչում է ձեռք բերել իր տիրոջ որոշմամբ արված դաջվածքի շնորհիվ: Այս մասին գրում է odditycentral.com-ը:
Նշվում է, որ թեև կատվի դաջվածքը նոր չէ, այնուամենայնիվ համացանցի կենդանասեր օգտատերերի մոտ այն մեկ անգամ ևս զայրույթի պատճառ է դարձել: Նրանք կատվի տիրոջը՝ ուկրաինացի ֆիթնես-մոդել Ելենա Իվանիչկայային մեղադրել են կենդանու նկատմամբ դաժանության համար: Նրանք տեղական իշխանություններից պահանջել են պատասխանատվության ենթարկել մոդելին:
Այնուամենայնիվ, Իվանիչկայան հակադարձել է իրեն քննադատողներին ու նշել, որ «մինչ կատվին դաջելը՝ ինքը խորհրդակցել է անասնաբույժի հետ, վերջինս անգամ ներկա է եղել ողջ գործընթացին: Բացի այդ, Յաշան ընդհանրապես որևէ ցավ չի զգացել ո՛չ դաջվաքից առաջ, և ո՛չ էլ հետո»:
Չնայած շարունակական քննադատություններին՝ նա որևէ լուսանկար և տեսանյութ չի հեռացրել իր ինստագրամյան միկրոբլոգից: Ավելին՝ օր-օրի Յաշայի լուսանկարների թիվն ավելի է շատանում:
Հիշեցնենք՝ ընտանի կենդանիներին դաջելն իրականում այնքան էլ նոր երևույթ չէ: Դեռևս 2012 թվականին ռուս դաջվածքի մասնագետը դաջել էր իր կատվին: Նման դեպք էր տեղի ունեցել նաև 2017 թվականին, երբ դարձյալ Ռուսաստանում տերը դաջել էր իր սֆինքս կատվին: