ԱՀԿ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 50 երկրում և տարածքներում

Ի սկզբանե Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի խիստ վարակիչ շտամի առկայությունը արդեն հաստատվել է 50 երկրներում և տարածքներում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից չորեքշաբթի Ժնևում հրապարակված  շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դեկտեմբերի 14-ին առաջին հայտնաբերումից ի վեր (կորոնավիրուսի շտամի) VOC-202012 / 01- ը հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից  5-ում՝ 50 պետություններում /տարածքներում»,-նշում է կազմակերպությունը: Նշվում է նաև, որ 501Y.V2 անվանումը ստացած կորոնավիրուսի շտամը, որի մասին տեղեկատվությունն ի սկզբանե եկել է Հարավային Աֆրիկայից, «հայտնաբերվել է ԱՀԿ 6 շրջաններից 4-ում` 20 երկրներում/ տարածքներում»: Բացի այդ, հունվարի 9-ին Ճապոնիան ԱՀԿ-ին տեղեկացրել էր, որ Բրազիլիայից ժամանած 4 մարդու մոտ հայտնաբերվել է B.1.1.28 նոր շտամ:
«Հայտնի է, որ վիրուսները անընդհատ փոխվում են, ուստի սպասվում էր այդ նոր տարբերակների առաջացումը»,-բացատրել են ԱՀԿ-ում: Այս տեսակների հայտնաբերումը ընդգծում է «SARS-CoV-2 վիրուսի ախտորոշիչ կարողությունների ընդլայնման և համակարգային հաջորդականության ուսումնասիրման», ինչպես նաև համաշխարհային հանրությանը ժամանակին տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը, նշվում է տեղեկագրում:
Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում: