
Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել կառավարության շենքի դիմաց:
«Էլեկտրոնային տարբերակով կառավարությանը ներկայացրել եմ դիմում, որի համաձայն այսօր հայտարարել եմ հացադուլ ժամը 10-ից: Հացադուլս հայտարարել եմ կապված նրա հետ, որ կառավարությունն իրեն իրավունք է վերապահում արձակել ակնհայտ հակասահմանադրական ենթաօրենսդրական ակտեր: Խոսքը 2018-ի օգոստոսի 8-ին ընդունված 898Ն որոշման մասին է, որն արձակվել է հիմնվելով զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ կետի, որը դրանից մեկ ամիս առաջ հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչված եղել:
Մարդիկ պարտավորվածություն են կրում ինձ փոխհատուցել ինձ չտրամադրված ամենամյա արձակուրդները: Իրենք դա կատարել են մասնակի, այն էլ այն պահից հետո, երբ հարուցվել է քրեական գործ դատարանի որոումը միտումնավոր չկատարելու առնչությամբ:
ՊՆ-ն 14 մլն դրամի փոխարեն տրամադրել է 4 մլն դրամից ավելի: Իրենք վկայակոչում են օրենքի դրույթը, որն ակնհայտ հակասահմանադրական է: Նման տեմպերով մենք ուր ենք հասնելու»,-ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ ոստիկանները պահանջ են ներկայացրել, որ հացադուլի մասին ազդարարող պաստառը չհենի կառավարության շենքին. «Չի բացառվում, որն ինձ այստեղից հիմա անհիմն տանեն: Երբ մարդուն ասում ես՝ հիմնավորի քո օրինական պահանջները, ինքը կարող է բերել ընդհանրական պատկերացում՝ ծառայողական անհրաժեշտություն:
Իմ պահանջները հստակ են, ես իմ գործողությունները կորակեմ որպես ինքնապաշտպանական, քանի որ ես հաղթել եմ երեք ատյաններում, արդարացի եմ համարվել ՍԴ-ի, ՄԻՊ-ի կողմից եւ այլն»,-ասաց պահեստազորի սպան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրել էին, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ Ցոլակ Խաչատրյանը նշել էր, որ իր հաղորդման մեջ եղել է միայն Դավիթ Տոնոյանի անունը. «Կոնկրետ ուղղված է Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ չեմ բացառել այլ անձանց մեղավորությունը, քանի որ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ պարտապան ճանաչված կառույցը, որը փողը պետք է տա ինձ, դա ՊՆ–ն է եւ նախարարը Դավիթ Տոնոյանն է։ Կան փաստական հանգամանքներ, որոնք վկայում են, որ Դավիթ Տոնոյանը այս ամենից քաջատեղյակ է եղել, պաշտոնական պատասխաններ է ներկայացրել մեր հարցումներին, ինչպես նաեւ հաշվի առնելով դատական ակտի 1 օրինակը, որն իրենք ստացել են. ակնհայտ է, որ ինքը դրա համար կրում է պատասխանատվություն, իսկ այլ անձանց մասը նախաքննությունով պետք է պարզվի, որովհետեւ չի բացառվում, որ թե ՊՆ որոշ պաշտոնատար անձինք, թե այլ կառույցների աշխատակիցներ, հնարավոր է փորձել են խոչընդոտներ ստեղծել»։
Խաչատրյանի խոսքով՝ դատարանի վճիռը հունվարի 22–ին մտել է օրինական ուժի մեջ, սակայն միայն երեկ՝ 5 ամիս անց, ՊՆ-ից կապ են հաստատել իր հետ եւ հաշվեհամար խնդրել. «Երեկ երեկոյան ժամը 18։00–ի սահմաններում ՊՆ-ից զանգահարել եւ ասել են, որպեսզի ես իրենց էլեկտրոնային հասցեի վրա դիմում ուղարկեմ, որում նշեմ այն հաշվեհամարը, որի վրա որ պետք է փոխանցվի դատարանաի որոշմամբ սահմանված գումարը։ Առավոտյան դա ուղարկել եմ եւ խնդրել եմ, որ ինձ տեղեկացնեն այն ստանալու վերաբերյալ, քիչ առաջ զանգեցին եւ ասացին, որ դիմումը ստացել են, իսկ թե երբ գումարը կփոխանցեն, որեւէ ժամկետ չի նշվել, խոսքը մոտ 14 միլիոն դրամի մասին է»։