Երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում. պատգամավոր

Համաձայն տեղեկությունների՝ այսօր գիշերը «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված նոր պահնորդական կազմակերպության ծառայողները հարձակվել են Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց: Համաձայն ականատեսների բռնություն է գործադրվել նաև ոստիկանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Պետք է հայտնեմ, որ նախորդ օրը գործընկերոջս` Գևորգ Գորգիսյանի հետ եղել ենք Ամուլսարում, զրուցել ենք պաշտպանների հետ: Դիրքերում հերթապահություն էր իրականացնում նաև ՀՀ Ոստիկանությունը, ինչը շատ անհրաժեշտ է, բայց հերթապահող երկու ոստիկանի դիմաց կային պահնորդական 5-6 ծառայողներ: Նշեմ նաև, որ մասնավոր պահնորդները մեր այնտեղ գտնվելու ամբողջ ընթացքում մեզ տեսանկարահանել են, ինչի թույլտվությունը և իրավունքը չունեին:

Երբ անհրաժեշտ է բերման ենթարկել քաղաքացիներին, ոստիկանությունը կուտակում է բավարար ուժեր, բայց երբ անհրաժեշտ է պաշտպանել և կանխել բախումները, երկու ոստիկանը բավարար է համարվում: Սա սխալ է:

ՀՀ ոստիկանությունը պետք է օբյեկտիվորեն քննի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները պիտի ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա և ծեծի ենթարկել նրանց։