ՀՀ արտաքին պարտքի ֆոնին շարունակվում է չհիմնավորված պարգևավճարների շռայլումը․Արթուր Վանեցյան

Այսօր «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները։

 

Վանեցյանը անդրադառնալով քաղաքական գործընթացներին  ասաց, որ իր ղեկավարած քաղաքական ուժն այսօր ունի մեկ օրակարգ՝ «օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանություններից»։ «Նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած ավել օր լրջագույն սպառնալիք է մեր պետության համար»,-ընդգծեց Վանեցյանը։

«Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր ունեն համակիրների վտանգավոր ու ագրեսիվ փոքր բանակ և մի ստվար զանգված, որը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է՝ իշխանության բերելով այս ձախողակ կառավարությանը»,-պատասխանեց Վանեցյանը։

Խոսելով ժողովրդի տրամադրությունների մասին՝ «Հայրենիք»-ի ղեկավարը նկատեց, որ օրեցօր էլ ավելի շատ մարդիկ են տագնապի ու անորոշության մեջ հայտնվում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում այսօր, ինչ անել ու ինչ սպասել վաղը։

«Երկրում խորանում են անորոշությամբ ու հիասթափությամբ պայմանավորված ապատիկ տրամադրությունները, ինչը, որպես կանոն, անհետևանք չի մնում։ Այսօր ասֆալտով պարծենալու ժամանակը չէ, յուրաքանչյուր նոր ասֆալտապատված ճանապարհ մարդկային կորցրած կյանք է։ Հետևաբար բոլոր միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին, դրա հետևանքների վերացմանն ու համավարակի երկրորդ ալիքին ընդառաջ հնարավոր ռիսկերի նվազեցմանը»,-ասաց Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ այսօր ասֆալտի փոխարեն պետք է խոսվի արտաքին պարտքի մասին, ինչը զգալիորեն ավելացել է, և որի ֆոնին շարունակվում է չհիմնավորված պարգևավճարների շռայլումը։

Անդրադառնալով կրթական չափորոշիչներին՝ Վանեցյանն ընդգծեց, որ այսօր կառավարությունն այդ ոլորտում էլ է իրարամերժ տեղեկություններ փոխանցում։

 

Քաղաքականություն

Պատահարներ