Չինարի գյուղից ՄԻՊ-ին է փոխանցվել հրետանակոծությունից փաստեր
Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին
Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել նման ահազանգեր գյուղի բնակիչներից և Չինարի համայնքի ղեկավարից։ Ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:
Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների և համայնքների վարչական մարմինների հետ։ Իրականացվում է ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում։
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:
Դա բացարձակ դատապարտելի է հատկապես նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) գլոբալ համաճարակի պայմաններում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը , կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին կոչ է արել անհապաղ ամբողջությամբ դադարեցնել զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում։
Այս արձանագրումները ևս սահմանված կարգով կամփոփվեն ու և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին: Այս մասին կլինի Մարդու իրավունքների պաշտպանի լրացուցիչ հաղորդագրությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Արկեր են արձակվել Չինարի ուղղությամբ. մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում. ՊՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են ա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
«Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից»: Այս մասին Ֆ...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...