Վրաստանում կորոնավիրուսով նոր վարակվածների մեծ մասը բեռնափոխադրող վարորդներն են
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել, որոնցից 6-ը՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«8 պացիենտներից մեկը հաստատված դեպքի կոնտակտ է, մնացած 7-ը բերված դեպքեր են, որոնցից 6-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, մեկն՝ այլ քաղաքացի», — ասել է Էզուգբայան:
4 վարակակիրները հոսպիտալացվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանցից երկուսը Ադրբեջանի, 1-ը՝ Բելառուսի քաղաքացի է:
«Բոլոր 4 տղամարդկանց մոտ սահմանը հատելու ընթացքում բարձր ջերմություն է նկատվել, նրանք կլինիկա են տեղափոխվել: Տեղում արագ թեստերը հաստատել են վարակը»:
Ըստ Վրաստանում գործող կարգի՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվողները Վրաստանի սահմանին արագ թեստ են անցնում: Դրական արդյունքի դեպքում նրանց հիվանդանոց են ուղարկում՝ PCR թեստավորման:
Միջազգային բեռնափոխադրողները դարձել են երկիր վարակի թափանցման գլխավոր աղբյուրը: Միայն հունիսին վարակ է հաստատվել 30 վարորդի մոտ: