
Էլոս էպիլացիայի կաբինետում տնօրենը թաքուն պատը ծակել է ու տեսախցիկ դրել. նոր մանրամասներ SHAMSHYAN

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանի դիմումի փաստով: Հարուցված քրեական գործն ԱԱԾ-ից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ էլ բաժնի պետ Նորիկ Հարությունյանի որոշմամբ նախաքննությունը հանձնարարվել է նույն քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ահազանգ էր ստացվել «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել էր, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա:
«12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին: Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամեռա է դրել, կամեռան աշխատել է ամսի 10-ից եւ մինչեւ ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։ Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»,-ասել է աշխատակցուհին:
Վերջինս տնօրենին հարցրել էր, թե ինչու է նման ստոր քայլի գնացել, տնօրենն ասել է, թե դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից. «Ասում եմ՝ կադրերում բոլորս մերկ ենք, ի՞նչ եք արել, ասեց՝ լավ եմ արել, դրել եմ, դու ինձնից հաճախորդ ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երեւում է, որ հաճախորդը կասսայում է վճարում»:
Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ, ԱԱԾ-ն եկել, առգրավվել է չիպն ու պատի միջից հանել տեսախցիկը. «Տնօրենն ինձ ասում էր՝ ո՞ւր պետք ա գնաս, բողոքես, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել…իր տղան քննչական բաժիններից մեկում քննիչ է աշխատում, երեւի հույսը քննիչ տղայի վրա է դրել, որ կարող է թացից չոր դուրս գալ: Բայց չի մտածում, որ ինքը խախտել է բարոյական ու իրավական բոլոր օրենքները»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

