«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնյան կալանավորներից շինանյութի տեսքով կաշառք է ստացել՝ իր հանդիսության սրահի համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք:
Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ:
Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ:
Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: