ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր սպանությունն ինքնապաշտպանություն չի որակել

ՌԴ Քննչական կոմիտեն, անտեսելով Գլխավոր դատախազության փաստարկները, հրաժարվել է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործողությունները վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Մեզ տեղեկացրել են լրացուցիչ քննչական գործողությունների ավարտի մասին: Քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և թողել է նախորդ որակումը` սպանություն նախնական պայմանավորվածությամբ՝ հրաժարվելով մեղմել կամ վերաորակավորել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն»,-ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝  այժմ պաշտպանությունը կծանոթանա լրացուցիչ հետաքննության նյութերին, իսկ մինչև ամսվա վերջ քննությունը մտադիր է այն փոխանցել Գլխավոր դատախազությանը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:

Ավելի վաղ քննությունը խոստովանել էր, որ հայրը ծաղրել է դուստրերին և բռնաբարել է նրանց, սակայն աղջիկների գործողությունները որակել է ամենածանր հոդվածով` սպանություն նախնական պայմանավորվածությամբ: Դատախազությունը չապացուցված էր համարել դրդապատճառների և նպատակների վերաբերյալ քննության եզրակացությունները և գործն ուղարկել էր վերանայման:

Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:

Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ:

Քաղաքականություն

Պատահարներ