Սասուն Միքայելյանը ինքը պետք է ներողություն խնդրի. «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Բռնության ցանկացած դրսեւորում` խոսքային կամ ֆիզիկական, անհասկանալի, անընդունելի է եւ դատապարտելի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` ներողություն խնդրելով քաղաքացիներից կատարվածի համար: 
«Ես ներողություն եմ խնդրում հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուց, որ իրենք ստիպված եղան ականատեսը լինեն նման իրավիճակի: Պետք չէ այստեղ մեղավորներ փնտրել, անգամ եթե մենք ակնարկներին կամ ուղիղ խոսքին հակադարձել ենք էմոցիաներով, կամ եթե եղել է սադրանք, ու մենք տրվել ենք այդ սադրանքին, ապա սադրանքին տրվելը նույնպես մեղավորություն է, որովհետեւ մենք չգիտակցեցինք, կամ չկանխարգելեցինք,  եւ այս օրը եղավ ԱԺ դահլիճում, ԱԺ նախագահի եւ երկրի վարչապետի եւ Կառավարության ներկայությամբ եւ միեւնույն  ժամանակ ամբողջ աշխարհը իմացավ: Սա լուրջ խնդիր է, եւ երբ որ շատ-շատերը ասում են` տարբեր խորհրդարաններում էլ լինում են նման միջադեպեր, մենք հենց առանձնահատուկ պետք է լինենք, որ բացառենք նման միջադեպերը մեր խորհրդարանում բացառենք»,- ասաց նա: 

Հարցին, թե չի կարծո՞ւմ, որ Սասուն Միքայելյանը պետք է առնվազն ներողություն խնդրեր, պատգամավորն ասաց, որ կարծում է` Սասուն Միքայելյանը ինքը պետք է դա անի, այլ ոչ թե որեւէ մեկը նրան հորդորի, որ պատգամավորը ներողություն խնդրի: 
«Նա ինքը պետք է գիտակցի իր արածի եւ չարածի մասին, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստանը»՝ իր արածի ու չարածի մասին: Էստեղ խնդիրը մեկ անձը չէ, որ մենք կենտրոնանում ենք պարոն Միքայելյանի վրա, սա երկարատեւ գործընթացի, քայլերի վերջնական հանգուցալուծումն էր, որը շատ տհաճ հանգուցալուծում էր, բայց կարծեք սրա նախապատրաստումը ամեն օր, ամեն անգամ, տարբեր ձեւերով նախապատրաստվել էր: Շատ տհաճ էր, որ այդ ամեն ինչը եղավ հենց Ազգային ժողովի դահլիճում, բոլորի աչքի առաջ եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառվեց: 
Այստեղ բոլորը պետք է ներողություն  խնդրեն, այդ թվում նաեւ ես, եթե անգամ մասնակի կամ ոչ մասնակի ներդրում եմ ունեցել, զուտ  նրա համար, որ ես ինքս էլ ունեմ պատասխանատվություն, այդ ամեն ինչը հանրությանը մատուցման գործում»: 
Դիտարկմանը, թե շատերը պնդում էին, որ Սասուն Միքայելյանը պետք է մանդատը  վայր դնի, իշխանական պատգամավորը ասաց, որ պետք է քննարկել հարցը եւ հետագայում ամբողջ խմբակցությամբ կարծիք հայտնել, եւ քանի որ նման քննարկում չի եղել, ինքը իր անձնական կարծիքը չի բարձրաձայնի: «Մենք նման քննարկում չենք ունեցել եւ եթե այստեղ միջադեպին մասնակից համարենք 132 պատգամավորին էլ, ուրեմն 132-ն էլ պետք է մանդատը վայր դնեն, ինչի մասին է խոսքը: Սա  պետք է քննարկվի եւ քննարկումից հետո գնահատական տրվի: Ինքս չեմ անդրադարձել եւ չեմ դրել հետո նայել, որովհետեւ անկեղծ ասած սարսափելի ինձ վատ եմ զգում այդ իրավիճակից եւ այն, ինչը, որ տեսել եմ ներսում չեմ ուզում հետադարձ հայացք գցեմ, մենք հիմա բոլորս շատ էմոցիոնալ վիճակում ենք, ու ավելի ուշ մենք պետք է տեսնենք, գնահատենք, սառը դատենք, թե ինչ է տեղի ունեցել եւ հասկանանք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- հավելեց նա: 

 

Քաղաքականություն

Պատահարներ