Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 10 նորածին է հոսպիտալացվել. ՌԻԱ Նովոստի
Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի Պավիա քաղաքի Սան Մատեո կլինիկական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 10 նորածին երեխա է բուժվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իտալական La Provincia Pavese պարբերականին:
Բժիշկները նորածինների վիճակը գնահատում են բավարար: Մանկաբուժական բաժնի վարիչ, պրոֆեսոր Ջանլուիջի Մարսելիայի խոսքով՝ դեպքերից ոչ մեկում ներարգանդային վարակ չի գրանցվել:
«Բոլոր երեխաների վարակումը տեղի է ունեցել ծնվելուց քիչ ժամանակ անց, մերձավոր հարազատների, առաջնահերթ՝ վարակված մոր հետ շփվելու հետևանքով»,-բացատրել է բժիշկը:
Իտալիայում նորածինների շրջանում կորոնավիրուսի թեստ անցկացվում է բացառիկ դեպքերում, առաջին հերթին, երբ վարակված է լինում մայրը: