Միանշանակ պետք է անցնել սպանդանոցային համակարգի. Փաշինյանն առաջարկ ունի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց սպանդանոցների մասին: Պապոյանը նշեց՝ կան հարցեր, որոնց մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի, օրինակ, այն, որ սպանդանոցների ստեղծումից հետո սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ, համաճարակային պայմաններում գտնվող վայրերում կատարված մորթի հետևանքով առաջացած միսը մեր երեխաները և հանրությունը չեն ուտի:
Հարցին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Արդյո՞ք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին: Այո՛, և միանշանակ այո՛: Սա երկրի ստանդարտի և երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և դրանցից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահին չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ: Ինչո՞ւ չունենք, քանի որ անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Այն մարդիկ, որ մտադիր են ներդրում կատարել, վերջին մեկուկես տարում երկու անգամ հետաձգել ենք որոշումը: Մարդը փող է դնում, ասում՝ կարո՞ղ է՝ կառուցեմ, պարզվի՝ կառավարությունն այս կարգավորումը չեղյալ է հայտարարելու: Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, սիրելի հայրենակիցներ, որ այդ ոլորտում ներդրում են արել, և սիրելի հայրենակիցներ, որ որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ»:
Փաշինյանն ասաց՝ կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել: Նա հայտնեց, որ այսօր տվել է հանձնարարական՝ մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որ սպանդանոցների կառուցման և տեխնիկայի, այդ թվում տրանսպորտի ապահովման համար, ստեղծվեն լավագույն պայմաններ: Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի նախընտրելի քարտեզ սպանդանոցների և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, ովքեր այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են:
«Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մենք հիմա մինչև հուլիսի 1-ը միասին աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու, մինչև փետրվարի 6-ը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել, կայացնել որոշումներ, մինչև մարտի 1-ը ֆինանսավորումը բացել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ միանան, գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառալու ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, քանի որ ՀՀ պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, քանի որ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել»,- նշեց նա:
Վարչապետը նաև անդրադարձավ Արցախից մսի ներկրմանը, նշեց՝ Արցախում ևս պետք է անցնեն այդ համակարգին, որ Հայաստանն ընդունի բերվող միսը:
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...