Ամուլսարի պոստեր էին այցելել ոստիկաններ. ակտիվիստ Շիրակ Բունիաթյան
Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարությամբ է հանդես եկել:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Երեկ` դեկտեմբերի 8-ին Ամուլասրի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։
Հանդիպման ժամանակ պարոն Գրիգոյանը առաջարկել է, որպեսզի թեկուզ հինգ օրով մուտք ապահովվի դեպի Ամուլսար ձմեռացման աշխատանքներ իրականացնելու համար։ Մենք մերժել ենք առաջարկը հիմնավորելով, որ նախ անցյալ տարի կատարված ձմեռացումից հետո այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել և այնպես չի, որ փաթեթավորված սարքավորումները պիտի վերափաթեփավորվեն։
Բացի դա Ամուլսարի տարածք ցանկացած մուտք վնասում է պայքարին` էլ ավելի երկարաձգելով այն։
Խոսակցությունը անցել է քաղաքակիրթ և համերաշխ մթնոլորտում։
Այսօր` դեկտեմբերի 9-ին մեզ հետ կապ է հաստատել Ջերմուկի ոստիկանապետ Ա. Խաչատրյանը և փոխանցել, որ նախնական տվյալներով ՀՀ փոխոստիկանապետերը, Վայոց Ձորի մարզպետը և էլի պաշտոնատար անձինք ժամը 15:00-ին ցանկանում են հանդիպել Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում։
Հանդիպման բովանդակության մասին տեղեկություններ չունենք, ուստի մանրամասներ կհրապարակենք հանդիպումից հետո։
Անկախ բոլոր հանդիպումներից Ամուլսարը սար է մնալու և վերջ»:
Հայտարարությունը տարածվել է «Ամուլսարի պահապանների» անունից: