ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ցույց և գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց

Ֆրանսիայի տարբեր քաղաքաներում զանգվածային բողոքի ցույցեր են, 800 հազար է մարդ է երկրում փողոց դուրս եկել՝ նախագահ Էմանուել Մակրոնի դեմ բողոքով:

 

The Guardian պարբերականի փոխանցմամբ, ցույցերի հետ համատեղ երկրի դպրոցների, հիվանդանոցների, դատարանների, երկաթգծի աշխատակիցները, հասարակական տրանսպորտի վարորդներն ու տասնյակ այլ մասնագիտությունների մարդիկ Ֆրանսիայում իրականացնում են վերջին տարիների ամենախոշոր գործադուլը:

 

Այս ամենի հետեւանքով դադարեցվել է գնացքների, մետրոյի, տաքսիների  եւ  ավտոբուսների աշխատանքը, չեղարկվել են որոշ չվերթներ, երկրում տրանսպորտային երթեւեկությունը կաթվածահար է, փակվել են եւ չեն գործում բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներն էլ աշխատում են 4-5 հոգանոց հերթապահ խմբերով, որովհետեւ մյուս աշխատակիցները մասնակցում են բողոքի ցույցերին ու գործադուլին:

 

Բողոքի հսկա ալիքի եւ դժգոհությունների պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու ծրագիրն է: Գործադուլի մասնակիցները պնդում են, որնախագահի ծրագրի իրագործման դեպքում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել ու ավելի քիչ գումար ստանալ:

 

BBC-ն  էլ գրում է, որ համաֆրանսիական բողոքի ալիքը հավակնում է դառնալ խոշորագույն բողոքի ցույցը Ֆրանսիայի պատմության մեջ:  Նաեւ նշվում է, որ իշխանություններն իմացել են սպասվող բուռն բողոքի ալիքի մասին եւ փորձել են պատրաստվել ցույցերի դիմակայությանը՝ խուսափելու համար տնտեսությանը սպասվող հարվածից:

 

Համաֆրանսիական գործադուլի մասնակիցները հայտարարել են, որ չեն բավարարվելու 1 օրով, նրանք պատրաստվում են դժգոհություն հայտնել այնքան ժամանակ, քանի դեռ Մակրոնը չի հրաժարվել իր ծրագրից:

Բանն այն է, որ Ֆրանսիայում կան տասնյակ տարատեսակ կենսաթոշակային ծրագրեր: Նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է, որ դրանք չափազանց բարդ են եւ թանկարժեք: Նա ցանկանում է գործի դնել միասնական օրենքներ կենսաթոշակի տրամադրման համար:

 

 

 

Քաղաքականություն