Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ աշխատակիցներն այցելել են բուհ.168.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի բաց նամակից հետո երեկ Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք և ստուգումներ են իրականացրել: Վարկած կա, որ նամակի հետքերով ժամանած «հյուրերը» կոռուպցիոն գործարքներ են փնտրել բուհի անձնակազմի փաստաթղթերի, թղթաբանության մեջ: Այս մասին գրում է 168.am-ը։
Ռեկտոր Վաղարշակ Մադոյանը կայքի հետ զրույցում հաստատել է երեկ բուհում ԱԱԾ-ի կողմից իրականացված ստուգումների մասին տեղեկությունը՝ ընդգծելով, սակայն, որ ինքը հավատում է ԱԱԾ աշխատակիցների ներկայացրած պատճառաբանությանը և նրանց ժամանումը չի կապում վարչապետին ուղղված նամակի հետ:
«Այո, երեկ մեզ մոտ էին եկել ԱԱԾ աշխատակիցները և ստուգում էին՝ պարզելու՝ արտասահմանցի ուսանողները տեղո՞ւմ էին, թե՞ ոչ: Սա բացարձակապես կապ չունի վարչապետին ուղղված իմ բաց նամակի հետ, կամ՝ նախարարից իմ դժգոհության: Ես Ձեզ ասեմ՝ ինչն է պատճառը, ինձ էսպես ներկայացրեցին՝ մի քանի բուհերում հայտնաբերել են ուսանողների, որոնք իբր հնարամտություն են արել… ուսանող են դարձել, որպեսզի ռեզիդենտ քարտ վերցնեն ՀՀ-ում: Եկան մեզ մոտ էլ ստուգեցին, բոլորը տեղում էին, մեզ մոտ որևէ խնդիր չհայտնաբերեցին: Եվ ասեմ՝ ես շատ ողջունում եմ այդ հետևողականությունը և ինձ ավելի ապահովագրված եմ զգում, իրավապահները պատշաճ հետևում են փաստորեն, որ մանիպուլյատիվ բաներ չարվեն այլ անվան տակ, ու դա շատ լավ է, մենք էլ պիտի զգոն լինենք»,- պարզաբանել է ռեկտորը:
Հիշեցնենք, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանն օրեր առաջ բաց նամակով դիմել էր վարչապետին ծայրահեղ վիճակից ելնելով, քանի որ կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես ինքն է նշում, կամայականորեն շրջանցել է ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ օրենքներ և չպատճառաբանված կերպով հրաժարվել է իր ղեկավարած բուհին լիցենզիա տալ: Մինչդեռ, ռեկտորի խոսքով, բուհն ահռելի ծախսեր է կատարել, նյութատեխնիկական բազա է ապահովել, պայմանագրեր, պայմաններ է ստեղծել ու նախարարի քմահաճության պատճառով կանգնել է փաստի առջև՝ չգիտի, թե իրավիճակի պատասխանատվությունն ում վրա դնի:
Ի դեպ, ռեկտորն իր տեքստում ընդգծում էր հեղափոխության հանդեպ, վարչապետի հռչակած հակակոռուպցիոն արշավի մասին ի սկզբանե ունեցած իր հավատի ու դրա կորստի մասին: Ակնարկում է նաև, որ այս ամենից հետո վախենում է նախարարի դեմ հայցով մտնել դատարան:
«… Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։
Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ:
Հիմա ես ստիպված են դիմել դատարան, բայց տարբեր աղբյուրներից ինձ զգուշացնում են, որ, եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է»։
Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում