Տներին մոտ գերեզմանները տեղումների պատճառով քայքայվել են, զանգվածները դուրս եկել. Թորոսյանը՝ դիակիզարանի մասին
Օրերս հայտնի դարձած այն լուրը, թե Հայաստանում 2020 թվականին մասնավոր ընկերությունները 2 դիակիզարան կբացեն, հանրության համար նոր քննարկումների առիթ դարձավ: Մի մասը քննադատեցին, թե դիակներն այրելը հակաքրիստոնեական է, շատերն էլ մտահոգություն հայտնեցին օր օրի մեծացող գերեզմանոցների մասին:
Կարծիք հայտնողների շարքում նաեւ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր, որը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կարեւորել էր երկրում դիակիզարանների կառուցումը եւ նշել, որ օր օրի մեծացող գերեզմանները մեծ վտանգ են պարունակում իրենց շրջակայքում բնակվող մարդկանց համար:
Armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ նախարարը մանրամասնեց՝ խոսքը հիմնականում վարակիչ հիվանդությունների մասին է: «Ունեցել ենք դեպք, երբ տներին մոտ կառուցված գերեզմանները տարբեր տեղումների պատճառով քայքայվել են, ամբողջ զանգվածները դուրս են եկել»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ ինչքան հնարավոր է, անհրաժեշտ է սանիտարական նորմերը պահպանել, իսկ մեզ մոտ գերեզմաններ կան, որոնք տներին շատ մոտ են, դա արդեն վտանգավոր է:
Թորոսյանի կարծիքով՝ դիակիզարանների կառուցումը կարեւոր է ոչ միայն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման, այլեւ հանրային նշանակության հողերի տնտեսման առումով, որպեսզի դրանք հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն: Խնդրի հետ կապված, ըստ նրա, նախարարությունը համայնքներից բազմաթիվ դիմումներ է ստանում, մտահոգված քաղաքացիները հարցնում են, թե ինչպես լուծել տների մոտ գերեզմանների առկայության խնդիրը, միգուցե հանգուցյալներին ուրիշ տեղ հուղարկավորեն, որ տներին այդքան մոտ չլինեն եւ վտանգ չներկայացնեն:
«Հասունացել է այն պահը, որ Հայաստանում պետք է լինեն դիակիզարաններ, եւ այդտեղ որեւէ հակամարդկային կամ հակակրոնական բան չկա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ Եվրոպայի ամենակրոնացված երկրում՝ Լեհաստանում, նման բան կա, եւ իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում դիակիզարան ունենալու մեջ, նույնն էլ Ռուսաստանում եւ Ուկրաինայում: