Շրջիկ մեքենա-սրճարանների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց շրջիկ մեքենա-սրճարանների գործունեությունը կանոնակարգելու մասին նախագիծը, որով չափանիշներ են սահմանվում նման առևտուրը կազմակերպելու համար։

 

«Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցության անդամները՝ դեմ։

 

Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները տա Երևանի քաղաքապետը։

 

Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն որոշակի գումար վճարել համայնքային բյուջե, իսկ դրանց տեղակայման վայրերը պարբերաբար կփոխվեն։ Ենթադրվում է, որ դրանց թույլտվությունները կտրվեն օրական, թեև դրան կողմ չեն հենց այդ առևտրի կետերի ներկայացուցիչները։

 

Անչափահասներին ալկոհոլի վաճառքը թույլ չտալու համար էլ այս կետերի գործունեությունը կարգելվի ուսումնական և պատմամշակութային հաստատությունների մոտակայքում, հրապարակներում և այլն։