Շրջակա միջավայրի նախարարի հետագա պաշտոնավարման հարցը չի ներկայացվի վարչապետի քննարկմանը
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը չի ներկայացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկմանը։
Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ դժգոհ է նախարարի աշխատանքից ու նախարարության վերաբերյալ հարցապնդում էր ներկայացրել։
Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքով՝ ԱԺ-ին առաջարկել էին ընդունել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին որոշում։ Սակայն նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ թեեւ իրենք ողջունում են հարցապնդումներ անելու եւ պարզաբանումներ պահանջելու պրակտիկան ու ԼՀԿ-ի նախաձեռնությունը, սակայն եկել են այն եզրակացության, որ նախարարի հրաժարականը պահանջելու հիմք չկա, հետեւաբար՝ իրենք դեմ են քվեարկելու։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրենք երեկ քաղաքական բոյկոտի պատճառով ներկա չեն եղել նիստին եւ չեն լսել ԼՀԿ-ի հիմնավորումները, եւ բացի այդ՝ խորհրդարանում այս պահին կա բնապահպանության ոլորտի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, դրա արդյունքից հետո կանդրադառնան նախարարի պաշտոնավարման հարցին։ Ըստ այդմ՝ ԲՀԿ-ականներն էլ հայտարարեցին, որ քվեարկությանը չեն մասնակցելու։
Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայանցնելու նախագծին կողմ քվերակեց 17 պատգամավոր, դեմ՝ 67, ձեռնպահ՝ 1։ Որոշումը չընդունվեց։
Երեկվա նիստում ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը ներկայացրել էր իրենց դժգոհությունը շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Նա նշել էր, որ էկոլոգիական անվտանգությունը մարդու կենսական, կարեւոր էկոլոգիական շահերի պաշտպանվածության վիճակն է, ամենից առաջ նրա իրավունքը՝ ունենալու կյանքի համար մաքուր, առողջ, բարենպաստ շրջակա, բնական միջավայր: Թանդիլյանի պնդմամբ՝ կառավարության ծրագրում նշված ուղղություններից ոչ միայն ոչ մեկը չի արվում, այլեւ կարելի է ասել, հաճախ արվում է ուղիղ հակառակը․
«Ասում եք՝ կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում ուղղված է թափանցիկության, հանրության առջեւ բարձր հաշվետվողականության ապահովմանը, սակայն այդպես էլ անկատար մնաց իրական շահառուների բացահայտման գործընթացը: Ձեր ամբողջ պատասխանի մեջ տպավորություն է, որ կառավարությունը չի պատկերացնում բնապահպանական խնդիրները, եւ դրանք փոխարինում է տնտեսական խնդիրներով»։
ԼՀԿ-ի հարցապնդմանը կառավարության պատասխանն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը պատգամավորներին չէր բավարարել:
«Կառավարության համար հիմնական խնդիր է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, մասնավորապես, օդի, կլիմայի, ջրի, հողերի, բուսական եւ կենդանական աշխարհի վրա վնասակար ազդեցությունները, բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, ապահովել կանխարգելման միջոցառումների իրականացումը: Հանքարդյունաբերության ոլորտում մեր քաղաքականությունն ուղղված է թափանցիկության, հանրության առջեւ բարձր հաշվետվողականության ապահովմանը, եւ մենք նախաձեռնել ենք ոլորտի զարգացման ռազմավարության մշակում, որն այս պահի դրությամբ իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը»,- ասել էր Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...