ԱԺ-ն ընդունեց 70-ից ավելի միայնակ թոշակառուների կոմունալ ծախսերը փոխհատուցելու օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը:

 

Երեկ ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո այն կարեւոր փոփոխության է ենթարկվել:

 

«Նախագծի անվանումից երեւում է, թե առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո ինչ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, որը լայնացնում է շահառուների շրջանակը: Եթե գործող օրենքի վերնագրում նշվում էր՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում…», այժմ այդ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանները կարող են լինել նաեւ ոչ պետական աջակցությամբ, եւ կան այդպիսի բնակարաններ: Տարբեր կազմակերպություններում բնակվում են միայնակ կենսաթոշակառուներ, որոնք նույն կարգավիճակում են, եւ այս փոփոխությամբ մենք հավասարեցնում ենք այդ կարգավիճակները, եւ թույլ ենք տալիս նաեւ, որ այն կենսաթոշակառուները, որոնք ոչ պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում են բնակվում, եւս օգտվեն ջրի, գազի եւ լույսի փոխհատուցումից»,- ասել էր Գասպարյանը:

 

Նա հայտնել էր նաեւ, որ այս փոփոխությամբ ընդունման դեպքում եւս 17-18 շահառուներ կօգտվեն կոմունալ ծախսերի փոխհատուցումից:

Յուրաքանչյուր տարվա համար սոցիալական աջակցության չափը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ սույն օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվեն սոցիալական աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները:

 

Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն՝ տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 59 բնակչի հաշվարկով տարեկան 8 496 000 դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

 

Դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում նախագիծն ընդունվեց 112 կողմ ձայնով: