Իմ սեփական տարածքն օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից. բնակիչ
«Փաստն այն է, որ որ պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի «Stefano Ricci» բրենդային խանութի կողմից»,- Ազգային ժողովում շարունակվող «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում այսօր այս մասին հայտարարեց 2002-ին Հյուսիսային պողոտայի իր տունը կորցրած բնակիչներից Սրբուհի Ղասաբյանը։
Նա ընդգծեց, որ իր տան փոխհատուցումը այս 17 տարիների ընթացքում դեռ վերջնական լուծում չի ստացել: «Փոխհատուցումը կարծես տրվում էր ըստ ընտրական ցուցակի. ով կողմ էր քվեարկել 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյանին-խմբ.)՝ շահում էր, ով դեմ էր քվեարկել՝ ենթարկվում էր ինչ-որ ֆինանսական, ֆիզիկական, բարոյական հաշվեհարդարի»,- ասել է տիկին Ղասաբյանը՝ հավելելով, որ առաջարկում է, որ պետությանը պատճառած վնասը վերադարձնող եւ Հայաստանից հեռացող օլիգարխները մինչ հեռանալը վերադարձնեն նաեւ տուժած ընտանիքների գումարները:
Նույն լսումներին մասնակից Արամի փողոցի նախկին բնակիչ Իրինա Փիլոյանն էլ ասել է, որ 1100 քառակուսի մետր հողատարածք եւ 315 քմ շինություն են ունեցել. «Երեւանի սրտում՝ Արամի փողոցում մեկ քառակուսի մետրը գնահատվել է 250 դոլար 2006 թվականին, երբ մեկ քառակուսի մետր հողի նվազագույն արժեքը 1500 դոլար էր։ Մեզ փոխհատուցել են 250 դոլար քառակուսու համար։ Մենք դիմել ենք ՄԻԵԴ, արդեն անցել է տաս տարի, լիահույս ենք, որ մոտ ապագայում այդ հարցը կքննարկվի»,- նշել է Փիլոյանը։
Ըստ վերջինիս՝ իրենց տարածքի մի մասն օտարվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը.
«Պատահական բացահայտեցինք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ընդամենը մեկ որոշմամբ մեր սեփական տարածքից 300 քառակուսի մետր հատկացրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը։ Մենք, սեփականատեր լինելով, պատահական ենք իմացել, պարզապես նոր սեփականության վկայական ստանալու գործընթացում տեսել ենք, որ մեր սեփական գույքի մի մասը գրանցված է «СОГЛАСИЕ-АРМЕНИЯ» ընկերության անունով»,- հավելել է նա։
Իրինա Փիլոյանն ասել է նաեւ, որ մասնավոր զրույցներում շատ դատավորներ իրենց ասում են, որ նրանց պայքարը ճիշտ է, բայց ոչինչ անել չեն կարող: