Շաքարային դիաբետ ունեցող մոտ 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկել են, 1 դեպքում կաշառք վերցրել
ArmDaily.am-ի խմբագրությունը շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներից ահազանգ էր ստացել, որ դիաբետ ունեցող որոշ երեխաներ զրկվել են սոցիալական և կրթական բոլոր արտոնություններից։
Մեզ հետ զրույցում «Կաթիլ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը նշեց, որ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող շուրջ 630 երեխա կա և իրենց հիմնադրամը շուրջ 9 տարի զբաղվում է այդ երեխաների խնդրով. «Համաձայն ՀՀ կառավարության 2003թ-ի հունիսի 13-ի N 780 գործող որոշման, երեխաները ստանում էին «երեխայի հաշմանդամություն» կարգավիճակ, սկզբում մինչև 18 տարեկան, բայց հետո սկսեցին 2 տարի ժամկետով տալ, այսինքն 2 տարի հետո կրկին դիմում էին ու «երեխայի հաշմանդամություն» կարգավիճակը նորից ստանում էին։ Այս կարգավիճակը արտոնություններ էր տալիս ոչ միայն առողջապահական ոլորտում անվճար բուժսպասարկում ստանալիս, այլ նաև սոցիալ և կրթական արտոնություններ, այսինքն եթե շաքարային դիաբետ ունեցող երեխան բուհ էր ընդունվում «երեխայի հաշմանդամություն» կարգավիճակով, որպես հաշմանդամություն ունեցող բավականին առավելություններ ուներ»։
Հարցին՝ որևէ որոշում փոխվե՞լ է՝ Մխիթարյանը պատասխանեց. «Ոչ, որևէ որոշում չի փոխվել, օրենսդրական դաշտը նույնն է մնացել, բայց ներքին կարգով ունենք տեղեկություններ, որ ինչ որ պիլոտային ծրագիր են իրականացնում, որ շաքարային դիաբետ ունեցող երեխաներին զրկեն հաշմանդամության կարգավիճակից ու դա անում են հիմնականում 13-ից բարձր տարիքի երեխաների համար։ Ինչքանով մեզ են հանձնաժողովներից տեղեկացրել նրանք փորձում են շարժվել այն մոտեցումով, որ դիաբետը ոչ թե հիվանդություն է, այլ ապրելակերպ, բայց պետք է հաշվի առնել, որ հասարակությունը պատրաստ չէ, երեխաները և նրանց ծնողները այդ աջակցության կարիքը ունեն, քանի որ 85 տոկոս և ավել դեպքերում այդ երեխաները սոցիալապես անապահով ընտանիքներից են և սա ազդում է նաև ընտանիքներին հատկացվող անապահովության վճարների վրա, քանի որ անապահովության բալերը կախված այս կարգավիճակից փոխվում են։ Մեզ պետք է ոչ թե պիտակավորումը, որ հաշմանդամ երեխա է, այլ դրա արդյունքում տրված արտոնությունները»։
Մխիթարյանի խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 100 երեխայի զրկել են, այսինքն դիմողների մոտ 90 տոկոսին. «Նույն հանձնաժողովը, նույն տարիքի երեխային, նույն հիվանդության ընթացքով հնարավոր է մեկին տա այդ կարգավիճակը մյուսին մերժի, քանի որ չկա որևէ հիմնավորում, որևէ օրենք կամ հրաման, որին հղում է անում այդ հանձնաժողովը։ Հիմանականում զրկվածների մեծ մասը 13 տարեկանից բարձր երեխաներ են եղել, բայց փոքրեր էլ կան, սակայն կան դեպքեր էլ, որ 13-ից մեծ են բայց տվել են»։
Հիմնադրամի տնօրենը նշեց, որ Երևանի հանձնաժողովում ունեն դեպք, որ կաշառքի դիմաց համապատասխան կարգավիճակը տրամադրել են. «Սկզբում մերժել են, ծնողը առաջարկել է կաշառք՝ 60 հազար դրամ, վերցրել են ու տվել են։ Ծնողը չի ցանկանում բարձրաձայնել՝ ասում է, որ որևէ երաշխիք չունի, որ բարձրաձայնելուց հետո չի զրկվի այդ կարգավիճակից»։