Կառավարությունը դեմ է հանդիպակաց գոտի դուրս եկող վարորդների տուգանքը 150 հազար դրամ դարձնելուն

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու տուգանքը 30 հազար դրամից դարձնել 150 հազար դրամ:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ մասնավորապես, նշվում է.

«Վարչական տույժի նպատակն է վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները հարգելու ոգով, որի համար լուրջ երաշխիք է վարչական տույժ սահմանելիս եւ նշանակելիս արդարության եւ համաչափության սկզբունքների պահպանումը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին, ինչպես նաեւ բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից:

Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը:

Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս Օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված տուգանքի չափը ուղիղ համեմատական է արարքի հանրային վտանգավորության աստիճանին:

Այս առումով պետք է ընդգծել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով նախատեսված՝ ճանապարհային երթեւեկության կանոնների  կոպիտ խախտումների համար (լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը եւ այլն), որոնք վտանգ են առաջացնում ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար եւ հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, Օրենսդիրը նախատեսել է սանկցիաներ, որոնք առավել ցածր կամ հավասար են նախագծով առաջարկվող սանկցիայի չափին:

Օրինակ՝ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո դիտարկելով նախագծով առաջարկվող իրավակարգավորումները՝ գտնում ենք, որ խնդրո առարկա զանցանքի համար նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով տուգանքի սահմանումը չի բխում Օրենսգրքի 10-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից, ինչպես նաեւ խնդրահարույց է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակված եւ արդեն իսկ ՀՀ Ազգային ժողով ներկայացված՝ տուգանային միավորների համակարգի ներդրմանն ուղղված օրինագծերի փաթեթով որդեգրված է սկզբունքորեն նոր մոտեցում: Մասնավորապես, նախատեսվում է ճանապարհային երթեւեկության բնագավառի իրավախախտումներիհամար, տուգանքից բացի, որպես վարչական տույժ սահմանել նաեւ տուգանային միավորը, որոնց կիրառման արդյունքում օրինախախտ վարորդները կարող են ընդհուպ զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչեւ 1 տարի ժամկետով: Բացի այդ, նախագծերով վերանայվել է նաեւ նշված ոլորտի տուգանային քաղաքականությունը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով նախատեսված իրավախախտման համար օրինագծով նախատեսվել է տուգանային միավորի կիրառում, ինչպես նաեւ փոփոխվել է տուգանքի չափը:

Ամփոփելով վերոգրյալը՝գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի եւ պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ, ուստի խնդրին ավելի համակարգային լուծում տալու նպա-տակով առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Քաղաքականություն