Կառավարության ներսում Ամուլսարի հանքի շահագործման հարցում չկա միասնական դիրքորոշում. Նարինե Դիլբարյան

Ակներև է, որ կառավարության ներսում էլ Ամուլսարի հանքի շահագործման հարցում չկա միասնական դիրքորոշում և դա է ճգնաժամի սպառնալիք ստեղծում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

«Կառավարությունում կա դիրքորոշումների տարբերություններ: Կառավարման ճգնաժամը, որի մասին քանիցս խոսել է «Ժառանգությունը», հիմա առավել ակնառու է դառնում: Տեսե՛ք, բոլոր սլաքները ուղղում են դեպի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրան համարում են հանքի շահագործման լոբբիստը, նրա քայլերը քննադատում են, նա էլ պարբերաբար սոցցանցերում ստատուսներ է գրում և տպավորություն է, որ ինքը մենակ է մնացել:

Նիկոլ Փաշինյանը մեկ ելույթ ունեցավ, հետո փորձեց, կարծես, հետքայլ անել՝ հայտարարելով, թե միգուցե նորից պետք է ուսումնասիրեն և այլն: Այսինքն՝ ակներև է, որ միասնական դիրքորոշում չկա»,-ասաց Դիլբարյանը և հավելեց, որ գուցե մի մասին նույնիսկ վախեցնում են գրառումները նոր հեղափոխության մասին:

«Նոր հեղափոխության ուրվականներ են փնտրում և այլն, բայց ինձ թվում է Հայաստանի արդյունաբերական զարգացման ուրվականը պետք է ճշտել և ոչ թե ընկնել հեղափոխության ուրվականների հետևից: Երբ կառավարությունը կարողանա իսկապես հայեցակարգային հարցի լուծումը ներկայացնել, ապա, կարծում եմ, հանրային կոնսենսուսին կմոտենանք»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանը, ներկայացնելով իրենց կուսակցության տեսակետը՝ նշեց, որ «Ժառանգությունը» կարևում է ոչ միայն առանձին հանքի՝ ինչպիսին Ամուլսարն է, շահագործումը, այլ ընդհանրապես հանքարդյունաբերության տարիներով կուտակված խնդիրների վերաբերյալ պետական քաղաքագիտական և մասնագիտական համերաշխ դիրքորոշման ձևավորումը:

««Ժառանգությունը» գտնում է, որ այսօր հասարակության մեջ ակնհայտ նկատվում է պառակտում և հախուռն զգայական մոտեցումների գերակայում: Մենք նորից գլորվում ենք զգացմունքների գիրկը, իսկ զգացմունքները մասնագիտական և ազգային անվտանգության հարցերում վատ խորհրդատու են: Այսինքն՝ պետք է ոչ թե ուժային միջոցներ կիրառել կամ եզրակացնել, որ ցանկացած հանքի արդյունահանում կործանում է, այլ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, համադրել խորհրդային տարիների փորձի հետ:

Բացի այդ, պետք է ուսումնասիրությունները տարածել ոչ թե միայն Ամուլսարի, այլ բոլոր հանքարդյունաբերական ոլորտի խնդիրների վրա: Դատելով փորձագիտական գնահատականներից՝ Ամուլսարը, կարծես, մի քանի քայլ առաջ է մեր այն հանքերի արդյունահանման տեխնոլոգիաներից, որոնք կիրառվում են: Այսինքն՝ նրանք բերում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Գուցե պետք է դրանք ավելի հստակեցնել, ճշգրտել հանքի բաց կորզման խնդիրների լուծման և մնացյալի խնդիրների մասով, բայց այդ խնդիրներն անհնար է լուծել փողոցում, ԱԺ-ի դիմաց, այգիներում, ճանապարհները փակելով. այդպես լուծումներ չենք ստանա»,-ասաց նա:

Նարինե Դիլբարյանը հիշեցրեց, որ նման իրավիճակում հայտնվել ենք անկախության տարիների ամենասկզբում, երբ նման կերպ հախուռն սկսեցին նշել, որ ատոմակայանը վտանգ է ներկայացնում:

«Այն իր մեջ, իհարկե, պարունակում է իրականություն և եթե հիշում եք՝ այն տարիներին ատոմակայանը ևս կանգ առավ և բարի մտադրություններից ծնված մեր էներգիան ուղղվեց դեպի քիմիական արդյունաբերությունը, որը նախկին Հայաստանի հզորագույն արդյունաբերական ճյուղերից մեկն էր: Արդյունքում՝ փակվեց «Նաիրիտ»-ը, ապա Վանաձորի «Քիմպրոմ»-ը, այնուհետև կործանեցինք մեր քիմիական արդյունաբերությունը: Մինչ այսօր էլ այն ոտքի հանել չենք կարող»,-ասաց նա:

Ըստ նրա՝ «Ժառանգություն»-ը պատրաստ է նախաձեռնելու հանրային քննարկումներ, մասնագիտական և քաղաքական հարթակում. «Մասնագիտականը շատ կարևորում ենք, (ընդ որում՝ մասնագիտական ասելով՝ նկատի ունենք հենց մասնագետ, ոչ թե ազնիվ մղումներից ծնված բնապահպաններ) պետք է երկրաբանների, բժիշկների, ակադեմիական հիմնարկներից ներկայացուցիչների հավաքել և լսել նրանց եզրակացությունը: Այո «Էլարդ»-ը տվեց իր եզրակացությունը և այդ կազմակերպության հանդեպ ուսումնասիրությունը որքան էլ տարասեռ լինի, այդուհանդերձ, ինչ-որ ուսումնասիրություններ նրանք հստակ կատարել են և մատնանշումներ էլ կան, ուստի պետք է չշտապել, հանրային քննարկումներ կատարել, որից հետո կպարզվի ճշմարտության ամբողջ երեսը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես են վերաբերում որոշ քաղաքական ուժերի առաջարկին՝ Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու, կուսակցության փոխնախագահը նշեց. «Կարծում եմ, որ մինչև մասնագիտական դիրքորոշման ձևավորումը հանրաքվեին դիմելը պարզապես միամտություն է կամ հարցի ճշգրիտ լուծումից ձերբազատվելու եղանակ:

Քաղաքացին իրազեկված չէ: Հետո էլ շարքային քաղաքացին պարտադիր չէ, որ իմանա բաց եղանակով հանքակորզման եղանակների խորությունը: Պետք չէ հասարակության ուսերին դնել մասնագիտական, պետական անվտանգային քննարկումը: Հանրաքվեն կարող է վերաբերվել երկրի անվտանգությանը, երկրի ռազմավարական դաշնակիցներ ընտրելուն, բայց արդյունաբերական, տնտեսական, գիտական խնդիրները հանրաքվեի միջոցով լուծելը, այն էլ եթե լուծվի այս զգայական մթնոլորտում, առանց մասնագիտական գնահատականների, ճիշտ չէ»:

Քաղաքականություն